Բաքուն ՌԴ հարթակը ընդունելի է համարում Երևանի հետ բանակցելու համար. Բայրամով
Ադրբեջանը երբեք չի հրաժարվել Հայաստանի հետ բանակցելու տարբեր հարթակներից, իսկ ռուսական հարթակը միշտ ընդունելի է եղել Բաքվի համար։ Այս հայտարարությունն արել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում։
«Մենք բաց ենք հայկական կողմի հետ հանդիպումների համար, բանակցային գործընթացի բուն ձևաչափին։ Մենք դրա համար օգտագործում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև չմիջնորդավորված և երկկողմ ձևաչափը։ Մենք նաև երբեք չենք հրաժարվել տարբեր այլ հարթակներից։ Ռուսաստանի Դաշնության հարթակը մեզ համար միշտ էլ ընդունելի է եղել, և, բնականաբար, մենք պատրաստ ենք օգտագործել այդ հարթակը»,– ասել է արտգործնախարարը։
Նա կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է վերացնի ապագայում երկրների միջև տարածքային հարցին վերադառնալու բոլոր հնարավոր ռիսկերը: