ՌԴ-ԱՄՆ էներգետիկ պատերազմում պարտվողը Եվրոպան է
(last modified Thu, 29 Aug 2024 06:21:11 GMT )
Օգոստոս 29, 2024 09:51 Asia/Tehran
  • ՌԴ-ԱՄՆ էներգետիկ պատերազմում պարտվողը Եվրոպան է

Pars Today - Վերջերս Նորվեգիայի էներգետիկ ոլորտի ղեկավարների հետ հանդիպմանը Գերմանիայի, Բելգիայի, Հոլանդիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի և Իսլանդիայի անվտանգության ոլորտի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Ռուսաստանը սպառնալիք է այդ երկրի արդյունաբերության ոլորտի կարևոր ենթակառուցվածքների համար։

Այս հանդիպումը վկայում է այն մասին, թե որքան կարևոր է Նորվեգիան Եվրոպայի էներգամատակարարման համար։ Ռուսաստանի հետ սահմանակից այս երկիրն այսօր ապահովում է Եվրոպայի զգալի հատվածի գազամատակարարումը։

Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի տնօրենի տեղակալ Զինան Զելենը հանդիպման մասին Reuters-ին ասել է. «Իրավիճակը, որի ականատեսն ենք այսօր,  ներառում է ոչ միայն Գերմանիան կամ Նորվեգիան, այլ մեզ բոլորիս»։

Չխոսելով ԱՄՆ-ի քաղաքականության և ՆԱՏՕ-ի դեպի Արևելք ընդլայնման մասին, Զելենն ասել է․ «Ռուսաստանի նման երկրների սպառնալիքը ներառում է ոչ միայն լրտեսական գործողություններ, այլ նաև որոշ տարածքներում դիվերսիաների հնարավորություն»։

Արևմտյան որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, որ ապրիլին Գերմանիայում ձերբակալվել են ՌԴ և Գերմանիայի քաղաքացիություն ունեցող երկու անձանց, որոնք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ, այդ թվում՝ ամերիկյան ռազմական օբյեկտների վրա հարձակումներ իրականացնելու մեջ:

Գերմանացի պաշտոնյաներն այդ կապակցությամբ հայտարարել են, որ դիվերսիաների  նպատակն էր թուլացնել Ուկրաինային ռազմական աջակցությունը։ Ռուսաստանը հերքել է այս կապակցությամբ իր դեմ ուղղված բոլոր մեղադրանքները։ Իսկ Նորվեգիայի հետախուզական ծառայությունները հայտարարել են Ռուսաստանի կողմից դիվերսիոն հարձակումներ իրականացնելու  սպառնալիքի առկայության մասին: Եվրոպան ունի ռուսական էներգետիկ ռեսուրսների կարիքը, ինչը լրջորեն խանգարում է մայրցամաքի երկրներին՝ որոշումների կայացման հարցում։

2022 թվականի փետրվարին ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, ԵՄ-ն դադարեցրեց ռուսական նավթի ներկրումը, բացառությամբ Հունգարիայի, Սլովակիայի և Չեխիայի, որոնք մեծապես  կախված են ռուսական էներգակիրներից։ Նավթը Ռուսաստանից վերոնշյալ երեք երկրներ մուտք է գործում «Դրուժբա» խողովակաշարով, որն անցնում է Ուկրաինայի տարածքով։

Եվրոպայի սահմանած հակառուսական պատժամիջոցները բազմաթիվ ռիսկեր են պարունակում Հունգարիայի և Սլովակիայի համար։ Հունգարիան երկար տարիներ սերտ հարաբերություններ ունի Մոսկվայի հետ և անհրաժեշտ նավթի երկու երրորդը ներկրում է Ռուսաստանից։

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն այս առնչությամբ ասել է. «Ուկրաինայի տարածքով ռուսական նավթի մատակարարումների դադարեցման շուրջ բանակցություններում միջնորդությունից հրաժարվելու Եվրահանձնաժողովի որոշումը վկայում է այն մասին, որ ճգնաժամի հետնաբեմում կանգնած է Եվրամիությունը»։

Նա նշել է․ «Եվրահանձնաժողովի որոշումը փաստում է, որ նրանք չեն ցանկանում օգնել Հունգարիային և Սլովակիային էներգամատակարարման հարցում։ Իսկ առկա ապացույցները ցույց են տալիս, որ որոշումը կայացվել է Բրյուսելում և փոխանցվել Կիևին՝ վերոնշյալ երկու երկրների  էներգամատակարարման հարցում  խնդիրներ ստեղծելու նպատակով»։

«Հյուսիսային հոսք» խողովակաշարում տեղի ունեցած դիվերսիոն գործողություններն ու պայթյունները նույնպես Ռուսաստանի և Եվրամիության միջև էներգետիկ ոլորտում հարաբերությունների մարտահրավերներից էին»։

Մի քանի միլարդ դոլար արժողությամբ «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարերը, որոնք ռուսական գազը Բալթիկ ծովի հատակով տեղափոխում են Եվրոպա, վնասվել են 2022 թվականի սեպտեմբերին՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի սկսվելուց յոթ ամիս անց, բազմաթիվ պայթյունների հետևանքով:

Որևէ երկիր մինչ այժմ չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը։ Սակայն  Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ հարձակումն իրականացրել են ԱՄՆ-ն ու Բրիտանիան։

Վերջերս Լեհաստանի տարածքով անցնող «Հյուսիսային հոսք»  գազատարում տեղի ունեցած դիվերսիայի գործով հիմնական կասկածյալի փախուստից հետո, ռուսական  RIA Novosti պետական լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Մոսկվան բողոք է հղել  Բեռլինին։

ՌԴ ԱԳՆ եվրոպական դեպարտամենտի ղեկավար Տյապկինն այս կապակցությամբ ասել է. «Մենք բարձրացրել ենք այն հարցը, որ Գերմանիան և մյուս վնասված երկրները պետք է կատարեն ՄԱԿ-ի հակաահաբեկչական կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորությունները»: 

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում նույնպես ասել է, որ Գերմանիան պետք է պատասխանի այս հարցի վերաբերյալ առկա բոլոր հարցերին։

Սակայն չպետք է անտեսել նաև ԱՄՆ-ի դերը Եվրոպայի էներգետիկ զարգացումներում։ 2012 թվականից ԱՄՆ-ն ոչ թե էներգակիր  ներկրող է, այլ՝ արտահանող։ Իսկ Ուկրաինայի պատերազմից հետո Վաշինգտոնին հաջողվեց մեծ արագությամբ իր էներգակիրներից կախվածության մեջ գցել Եվրոպային։ Եվ բնականաբար,  եվրոպական երկրներին այլ բան չէր մնում, քան հետևել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի հարցում Վաշինգտոնի քաղաքականությանը։

Ուկրաինայի  պատերազմն իրականում էներգետիկ պատերազմ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, որը տեղի է ունենում եվրոպական հողի վրա։ Եվ նավթագազային ռեսուրսների առկայության շնորհիվ, ԱՄՆ-ն ոչ միայն չի տուժում այս պատերազմից, այլև հսկայական շահույթներ է ստանում՝ ավելացնելով նավթի ու գազի արտահանման ծավալները։

Իսկ Ռուսաստանը, գտնելով ասիական նոր հաճախորդներ և մեծացնելով գազի արտահանումը այնպիսի երկրներ, ինչպիսին Չինաստանն է, կարողացել է մեծ չափով փոխհատուցել Արևմուտքի հասցրած վնասը։

Նավթի և գազի համաշխարհային գների աճի հետևանքով  Ռուսաստանի եկամուտներն աճել են։ Այսպիսով,  ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հակամարտության գլխավոր պարտվող կարելի է համարել Եվրոպային։