ԵՏՀ-ն մշակել է ԵԱՏՄ երկրների զբոսաշրջային երթուղիների քարտեզներ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կողմից մշակվել են համատեղ երթուղիների քարտեզներ՝ ԵԱՏՄ երկրների 419 տեսարժան վայրերի մասին տեղեկություններով։ Այս մասին հայտնում է ԵՏՀ–ի մամուլի ծառայությունը։
Քարտեզներում նշված են նաև 38 զբոսաշրջային երթուղիներ, որոնք խորհուրդ են տրվում շրջագայության հարմարավետության և զբոսաշրջային հոսքի ընդհանուր ավելացման համար։
ԵՏՀ բիզնես գործունեության զարգացման դեպարտամենտի տնօրեն Երնար Բակենովի խոսքով` երթուղիների քարտեզները զբոսաշրջիկներին թույլ կտան հեշտ և հարմար պլանավորել իրենց ուղևորությունները դեպի ԵԱՏՄ երկրներ, ինչպես նաև կնպաստեն զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը և զբոսաշրջային հոսքի ավելացմանը։
«ԵԱՏՄ-ում զբոսաշրջության զարգացումը մեծ ներուժ ունի։ Անդամ երկրները հարուստ մշակութային և պատմական ժառանգություն, բնության բացառիկ օբյեկտներ ունեն։ Մեր խորհուրդները թույլ կտան ԵԱՏՄ երկրներում միավորել զբոսաշրջության զարգացմանն ուղղված ջանքերը` նոր հնարավորություններ ստեղծելով ճանապարհորդելու համար և ընդլայնելով զբոսաշրջային ծառայությունների շուկաները»,- ասել է տնօրենը:
ԵԱՏՄ-ն ստեղծվել է 2015 թվականին։ Անդամ երկրներն են` Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը։
arm.sputniknews