Միջազգային բեռնափոխադրումների պահանջարկը հանգեցրել է Հայաստանում սակագների 18% բարձրացման
(last modified Wed, 16 Oct 2024 14:33:58 GMT )
Հոկտեմբեր 16, 2024 18:03 Asia/Tehran
  • Միջազգային բեռնափոխադրումների պահանջարկը հանգեցրել է Հայաստանում սակագների 18% բարձրացման

Այլ երկրներից Հայաստան բեռների մատակարարման հայտերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 20%-ով և նախորդ եռամսյակի համեմատ՝ 7%-ով։ Այս մասին հայտնում է միջազգային բեռնափոխադրումների «ATI.SU» բորսան։

Հայաստանից արտահանման փոխադրումներում«ATI.SU» բորսան ևս աճ է գրանցել` երրորդ եռամսյակում Հայաստանից այլ երկրներ բեռների առաքման հայտերի թիվն աճել է11%-ով, իսկ երկրորդ եռամսյակի համեմատ՝ միանգամից 62%-ով։

Միևնույն ժամանակ, միտումը թելադրում է Ռուսաստանը, որն առաջատարն է բեռնափոխադրումների հայտերի բացարձակ քանակով։ Ռուսաստանից Հայաստան բեռնափոխադրումների հայտերի թիվը տարեկան կտրվածքով աճել է 23%-ով, իսկ երկրորդ եռամսյակի համեմատ՝ 6%-ով։ Ինչ վերաբերում է Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման փոխադրումների պահանջարկին, ապա այն 8%-ով աճել է անցած տարվա և 59%-ով երկրորդ եռամսյակի համեմատ։

Բացի այդ, ավելացել է Բելառուսից և Ղազախստանից Հայաստան փոխադրումների պահանջարկը։ Նույնը կարելի է ասել դեպի Վրաստան, Բելառուս և Ղազախստան արտահանման նկատմամբ առկա հետաքրքրության մասին։

Միևնույն ժամանակ, այս տարվա ընթացքում պահանջարկի աճը, ինչպես և ակնկալվում էր, հանգեցրեց արտահանման ուղղություններով ավտոմոբիլային բեռնափոխադրումների սակագների բարձրացմանը՝ միջինում 18%-ով։

«Բեռնափոխադրումների շուկայի վիճակագրությունը արտացոլում է Հայաստանի արտաքին առևտրի միտումները։ Այսպիսով, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների, 2024 թվականի 8 ամսիսների ընթացքում արտաքին առևտրաշրջանառությունն աճել է79,6 տոկոսով, միևնույն ժամանակ արտահանումն աճել է 2,1 անգամ։ Քանի որ երկրում բեռնափոխադրումների մոտ 80 տոկոսը բաժին է ընկնում ավտոմոբիլային տրանսպորտին, միջազգային համագործակցության ակտիվացումը խթան է դարձել ավտոմոբիլային բեռնափոխադրումների աճի համար»,- մեկնաբանում է Հայաստանում «ATI.SU» բեռնափոխադրումների բորսայի ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Մկրտչյանը։

Աճի մեկ այլ գործոն է սեզոնայնությունը. ամառ-աշուն ժամանակահատվածում ռազմավիրական ճանապարհով բեռնատարների տեղաշարժին չեն խոչընդոտում եղանակային պայմանները: Մասնավորապես, հենց այս ճանապարհով է անցնում բեռների մեծ մասը Հայաստանի և նրա ամենամեծ արտաքին առևտրային գործընկեր Ռուսաստանի միջև։ Մինչև 2025 թվականի վերջ նախատեսվում է ավարտին հասցնել Երևան-Թբիլիսի-Վլադիկավկազ ռազմավարական նշանակության ավտոմայրուղու նոր հատվածի շինարարությունը, և այդ ժամանակ սեզոնային գործոնն այնքան էական չի լինի ավտոմոբիլային բեռնափոխադրումների շուկայի համար։