Պուտին․ Իրանի հետ առևտրի ծավալն աճում է
ՌԴ նախագահը հայտարարել է․ «Իրանի հետ մեր առևտրատնտեսական հարաբերությունները կայուն և հուսալի են, և այս տարի մենք անպայման ականատես կլինենք երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճին»։
Հղում անելով «Ռիա նովոստի» գործակալությանն ԻՌՆԱ-ն հաղորդում է, որ չորեքշաբթի օրը կայացած՝ VTB բանկի 15-րդ ներդրումային ֆորումի ժամանակ ունեցած ելույթում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է․ «Ներկայումս երկու երկրների միջև իրականացվում են նախագծեր՝ լոգիստիկայի, էներգետիկայի, արդյունաբերական և անվտանգության ոլորտներում»։
Անդրադառնալով փոխադրումների ոլորտում Իրանի հետ համագործակցությանը, ՌԴ նախագահն ասել է. «Հյուսիս-Հարավ միջանցքը ներկայումս գործում է, և այդ միջանցքով փոխադրումների ծավալն անընդհատ ավելանում է։
Հույս ունենք, որ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը կստորագրվի ԻԻՀ նախագահի Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում»։
Անդրադառնալով ԵԱՏՄ-ին դիտորդի կարգավիճակով անդամակցելու Իրանի դիմումին, Պուտինն ասել է․ «Մոսկվան ողջունում է Թեհրանի ցանկությունը՝ ավելի շատ համագործակցելու այս միության հետ»։
Երկուշաբթի օրն ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով երկու եկրների միջև հարաբերությունների շատ լավ մակարդակին, Պուտինն ասել էր․ «Ներկայումս մեր օրակարգում Թեհրան-Մոսկվա համապարփակ համագործակցության համաձայնագրի շրջանակներում հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելն է, և առաջիկայում նախատեսում ենք ստորագրել փաստաթուղթը։ Առաջիկա հանդիպմանը կհայտարարվի նաև ԵԱՏՄ-ին Իրանի դիտորդական անդամակցության մասին, ինչը ևս մեկ քայլ կլինի երկկողմ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ»։