ԱՄԷ-ն և ԵԱՏՄ-ն առաջիկա ամիսներին կստորագրեն ազատ առևտրի համաձայնագիրը
(last modified Sun, 23 Feb 2025 14:02:26 GMT )
Փետրվար 23, 2025 17:32 Asia/Tehran
  • ԱՄԷ-ն և ԵԱՏՄ-ն առաջիկա ամիսներին կստորագրեն ազատ առևտրի համաձայնագիրը

Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) նախատեսում են առաջիկա երկու-երեք ամիսներին ստորագրել ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր։

Այս մասին հայտնել է ԱՄԷ արտաքին առևտրի հարցերով պետական նախարար Թանի բեն Ահմեդ ալ-Զեյուդին։

«Անցած տարվա ևս մեկ կարևոր իրադարձություն էր ԱՄԷ-ի և Եվրասիական տնտեսական միության, որում ընդգրկված է նաև Ռուսաստանը, միջև ազատ առևտրի համաձայնագրի նախապատրաստումը։ Այս փաստաթղթի մշակումը տևել է գրեթե մեկուկես տարի : Մենք անհամբերությամբ սպասում ենք, որ այն ստորագրվի երկու կամ երեք ամսից», - ասել է նա Աբու Դաբիում Ռուսաստանի արտահանման կենտրոնի կողմից կազմակերպված «Պատրաստված է Ռուսաստանում» տոնավաճառի բացման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Նախարարը նաև ընդգծել է, որ վերջին երեք տարիների ընթացքում ԱՄԷ-ի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է՝ 3․5 միլիարդ դոլարից հասնելով 10 միլիարդի։ Նրա խոսքով՝ ազատ առևտրի գոտու ստեղծումը կնպաստի փոխադարձ առևտրի հետագա ընդլայնմանը։

Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնևը նշել էր, որ ԱՄԷ-ի և ԵԱՏՄ-ի միջև համաձայնագրի բանակցությունները ավարտվել են։ Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը հայտնել է, որ փաստաթուղթը կարող է ստորագրվել 2025 թվականի կեսերին։

ԱՄԷ-ի և ԵԱՏՄ-ի միջև բանակցությունները մեկնարկել են 2023 թվականի մարտին։ Այդ ընթացքում կողմերը մի քանի փուլով խորհրդակցություններ են անցկացրել։ Ինչպես ավելի վաղ հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը, փաստաթուղթը կարգավորելու է սակագների նվազեցման, մաքսային և ճյուղային համագործակցության, էլեկտրոնային առևտրի ու մտավոր սեփականության պաշտպանության, ինչպես նաև առևտրի պաշտպանության միջոցների հետ կապված հարցերը։

panarmenian.net