ՌԴ–ն անընդունելի է համարում Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծման սպառնալիքը. Զախարովա
(last modified Thu, 03 Apr 2025 15:07:21 GMT )
Ապրիլ 03, 2025 18:37 Asia/Tehran
  • ՌԴ–ն անընդունելի է համարում Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծման սպառնալիքը. Զախարովա

Իրանի միջուկային և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների ռմբակոծման սպառնալիքներն անընդունելի են, Մոսկվան հանդես է գալիս Արևմուտքի հետ Իրանի թյուրըմբռնումների դիվանագիտական լուծման օգտին։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Դրսից հնչող սպառնալիքները, ինչպես, օրինակ, Իրանի միջուկային և էներգետիկ կառույցի ռմբակոծությունների մասին, որոնք ողջ մերձավորարևելյան տարածաշրջանի և ընդհանրապես աշխարհի համար անխուսափելիորեն կհանգեցնեն լայնածավալ և անդառնալի ռադիոլոգիական հետևանքների, պարզապես անընդունելի են», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ:

Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, Մոսկվան հանդես է գալիս Իրանի և Արևմուտքի երկրների հակասությունների դիվանագիտական լուծման որոնման և կայուն բանակցային լուծումների որոնման օգտին:

«Դա կվերացնի Արևմուտքի նախապաշարմունքներն ու թյուրըմբռնումները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ՝ միաժամանակ հաշվի առնելով Թեհրանի օրինական շահերը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հարցում, ինչը բխում է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին Թեհրանի մասնակցությունից», - ընդգծել է նա:

Նշելի է, որ 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը կնքեցին միջուկային գործարք, որը ենթադրում էր Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց պատժամիջոցների վերացում: ԱՄՆ–ն Թրամփի նախորդ նախագահության օրոք՝ 2018 թվականի մայիսին, դուրս եկավ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: