Թրամփին մաքսատուրքերի պատճառով դատի է տվել 12 նահանգ
(last modified Thu, 24 Apr 2025 08:35:15 GMT )
Ապրիլ 24, 2025 12:05 Asia/Tehran
  • Թրամփին մաքսատուրքերի պատճառով դատի է տվել 12 նահանգ

Տասներկու նահանգ հայց է ներկայացրել ԱՄՆ Միջազգային առեւտրի դաշնային դատարան՝ պահանջելով չեղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից սահմանված մաքսատուրքերը։

«Վերջին երեք ամիսների ընթացքում նախագահը սահմանել, փոխել, բարձրացրել եւ դադարեցրել է մաքսատուրքերի գործողությունը՝ ստորագրելով հրամանագրեր եւ հուշագրեր, սոցցանցերում հրապարակելով գրառումներ եւ [դիմելով] գերատեսչությունների կարգադրություններին: Այդ հրամանագրերն արտացոլում են երկրի առեւտրային քաղաքականության վիճակը, որն այժմ կախված է նախագահի քմահաճույքից, այլ ոչ թե հենվում է իր օրինական լիազորություններն արդյունավետ կատարելու վրա։ Իրեն վերապահելով բարձր եւ մշտապես փոփոխվող մաքսատուրքեր մտցնելու իրավունքը Միացյալ Նահանգներ ներմուծվող ցանկացած ապրանքի վրա՝ նախագահը խախտել է սահմանադրական կարգը եւ  քաոս մտցրել ամերիկյան տնտեսությունում»,- նշվել է դատական փաստաթղթում։

Բացի տնտեսությանը վնասելուց՝ պետության ղեկավարին մեղադրում են անհիմն կերպով արտակարգ դրություն  մտցնելու մեջ, որպեսզի շրջանցելով Կոնգրեսը՝ փոխի Վաշինգտոնի սակագնային քաղաքականությունը։

Դատարան դիմելու նախաձեռնողը Օրեգոն նահանգի գլխավոր դատախազն է։ Նրան աջակցել են Արիզոնայի, Վերմոնթի, Դելավերի, Իլինոյսի, Կոլորադոյի, Քոնեկտիկուտի, Մինեսոթայի, Մենի, Նեւադայի, Նյու Յորքի, Նյու Մեքսիկոյի նահանգները։ Որպես պատասխանողներ նշված են Թրամփը, ներքին անվտանգության նախարար Քրիսթի Նոեմը, մաքսային եւ սահմանային վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնակատար Փիթեր Ֆլորեսը։

news.am