Թրամփը ցուցարարներին անվանել է կենդանիներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ցույցերն ընդլայնվում են։ Նախագահը ցուցարարներին «կենդանիներ» է անվանել, ինչը լայն արձագանք է ստացել ներքին և միջազգային շրջանակներում։
Նյու Յորքի, Չիկագոյի, Լոս Անջելեսի և Հյուստոնի հազարավոր բնակիչներ պահանջում են դադարեցնել անօրինական ներգաղթյալների արտաքսումը։ Սակայն կառավարությունն իր որոշման մեջ անսասան է, իսկ ցուցարարներին ցրելու համար, քաղաքներում տեղակայվում են ռազմական և անվտանգության ուժեր։ Պենտագոնի տվյալներով՝ այդ նպատակով բյուջեից ծախսվել է ավելի քան 134 միլիոն դոլար։
Ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ ոստիկանների բռնի վերաբերմունքը նույնպես քննադատության է արժանացել։ Ոստիկանները ռեզինե փամփուշտներով կրակել են Ավստրալիայի Channel 9-ի լրագրողի և New York Post-ի լուսանկարչի վրա։ Ավստրալիայի վարչապետը և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները քննադատել են ամերիկացի ոստիկանների այս գործողությունը։ Այն հերթական անգամ կասկածի տակ է դրել Վաշինգտոնի հեղինակությունը լրատվամիջոցների ազատության ոլորտում։
Կոնգրեսական Ջոն Գարամենդին, անդրադառնալով Լոս Անջելեսում Ազգային գվարդիայի ուժերի տեղակայմանը, Թրամփին մեղադրել միապետական վարքագծի մեջ։ Մասնագետների կարծիքով՝ այս միտումը ոչ միայն խորացնում է ներգաղթային քաղաքականության լեգիտիմության ճգնաժամը, այլև վկայում է ամերիկյան ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից կառավարության հեռանալու մասին։
Վիրավորանքների, լրատվամիջոցների ճնշման և բողոքի տարածքի ռազմականացման համադրությունը Միացյալ Նահանգներին կանգնեցրել է բազմաշերտ ճգնաժամի առջև՝ թե՛ ներքին, թե՛ միջազգային ոլորտներում։ Ճգնաժամ, որի հետևանքներն ամերիկյան քաղաքական շրջանակները, լրատվամիջոցներն ու հասարակությունը կրելու են դեռ երկար տարիներ։