Մեկնաբանություն- Ինչո՞ւ է Հնդկաստանի հույսը Ամերիկայի նկատմամբ վերածվել հուսահատության
https://parstoday.ir/hy/news/world-i235388
Pars Today - Թրամփի կողմից Միացյալ Նահանգներ արտահանվող հնդկական ապրանքների վրա 25% մաքսատուրք սահմանելու հայտարարությունը բացասական արձագանք է ստացել Նյու Դելիի կողմից։
(last modified 2025-08-01T14:09:05+00:00 )
Օգոստոս 01, 2025 17:39 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ինչո՞ւ է Հնդկաստանի հույսը Ամերիկայի նկատմամբ վերածվել հուսահատության

Pars Today - Թրամփի կողմից Միացյալ Նահանգներ արտահանվող հնդկական ապրանքների վրա 25% մաքսատուրք սահմանելու հայտարարությունը բացասական արձագանք է ստացել Նյու Դելիի կողմից։

Pars Today-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ օգոստոսի 1-ից նոր մաքսատուրքեր կիրառելով չի երկարաձգի գլոբալ մաքսատուրքերի վերջնաժամկետը։

Իր ուղերձում Թրամփը օգոստոսի 1-ը «Ազատության օր» նախագծի իրագործման օր է անվանել և նշել, որ Հնդկաստանը ԱՄՆ մաքսատուրքերի ենթակա երկրների շարքում է, որոնց վրա, կգործի 25% մաքսատուրք։

Թրամփը նշել է, որ Հնդկաստանը նույնպես կենթարկվի պատժամիջոցների՝ Ռուսաստանի հետ խաղաղ հարաբերությունների և այդ երկրից էներգետիկ արտադրանքների ներմուծման համար։
Նա գրել է. «Նրանք միշտ իրենց ռազմական տեխնիկայի մեծ մասը գնել են Ռուսաստանից և Չինաստանի հետ միասին ռուսական էներգիայի ամենամեծ գնորդն են, այն էլ այն ժամանակ, երբ բոլորը պահանջում են, որ Ռուսաստանը դադարեցնի սպանությունները Ուկրաինայում. ամեն ինչ լավ չէ»։
Առանց մանրամասներ հայտնելու, Թրամփը տեղեկացրել է Նյու Դելիի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին՝ Ռուսաստանից զենք և նավթ գնելու համար։ Այս տարվա առաջին վեց ամիսներին Ռուսաստանը մնացել է Հնդկաստանի նավթի ամենամեծ մատակարարը ։

Արևմուտքի հետ քայլ չպահող երկրները, ինչպիսին է Հնդկաստանը, ձգտել են շարունակել առևտուրը և առևտրային գործարքները Ռուսաստանի հետ, հատկապես էներգակիրների, մասնավորապես՝ նավթի և գազի ոլորտում՝ համապատասխան իրենց ազգային շահերին, և չնայած Արևմուտքի ճնշմանը շարունակել են նավթ ներմուծել Ռուսաստանից։

Թրամփի վերջին քայլը Հնդկաստանի դեմ կարող է սրել Վաշինգտոնի կապերը աշխարհի ամենամեծ բնակչությունն ունեցող երկրի հետ։ Թրամփի որոշումը Հնդկաստանի նկատմամբ նոր մաքսատուրքերը դարձնում է ավելի զգալի, քան ԱՄՆ մյուս խոշոր առևտրային գործընկերների նկատմամբ և սպառնում է խափանել Վաշինգտոնի և Նյու Դելիի միջև ամիսներ շարունակվող առևտրային բանակցությունները։

Հնդկաստանը մինչ օրս դիմադրել է ԱՄՆ ճնշմանը՝ իր ներքին շուկան գյուղատնտեսական արտադրանքի համար բացելու հարցում՝ որպես կարմիր գիծ նշելով միլիոնավոր ֆերմերների կենսապահովումը։ ԱՄՆ-ն՝ աշխարհի ամենամեծ տնտեսությունը, ներկայումս ունի 45.7 միլիարդ դոլարի առևտրային դեֆիցիտ Հնդկաստանի հետ, որը աշխարհի հինգերորդ խոշորագույն տնտեսությունն է։ Նոր մաքսատուրքերը կհարվածեն Հնդկաստանի արտահանմանը դեպի ԱՄՆ, որը 2024 թվականին գնահատվում էր 87 միլիարդ դոլար։ Արտահանում, որը ներառում է հագուստ, դեղագործական արտադրանք, զարդեր և քիմիական նյութեր, որոնք մեծապես կախված են աշխատուժից։

Թրամփի որոշումը կարող է լայն հետևանքներ ունենալ ԱՄՆ-ից Հնդկաստան արտահանման համար, ներառյալ էներգետիկան, արդյունաբերական սարքավորումները և տեխնոլոգիական արտադրանքը։ Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ երկու երկրների առաջնորդները նախկինում խոստացել էին մինչև 2025 թվականի աշունն ավարտել առևտրային համաձայնագրի առաջին փուլը և մինչև 2030 թվականը երկկողմ առևտրի մակարդակը հասցնել 500 միլիարդ դոլարի։

Իրականում, Հնդկաստանի առաջնորդները, մասնավորապես վարչապետ Նարենդրա Մոդին, մեծ հույսեր են կապել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների ընդլայնման և դրանից օգուտներ ստանալու քաղաքական, տնտեսական, առևտրային, ռազմական և զենքի ոլորտներում։

Մինչդեռ այժմ Թրամփի որոշումը՝ Միացյալ Նահանգներ արտահանվող հնդկական ապրանքների և արտադրանքի վրա հսկայական 25% մաքսատուրք սահմանելու մասին, առևտրային լարվածություն կառաջացնի Նյու Դելիի և Վաշինգտոնի միջև, և դա, իր հերթին, կազդի երկու երկրների միջև հարաբերությունների այլ ասպեկտների վրա։

Այժմ Հնդկաստանի ղեկավարները հասկացել են, որ սին հույսեր էին կապել Միացյալ Նահանգների հետ, և որ Վաշինգտոնը ձևակերպում է իր հարաբերությունները այլ երկրների, այդ թվում՝ Հնդկաստանի հետ՝ բացառապես սեփական միակողմանի շահերից ելնելով։