Միշուստինը Ղրղզստանում հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահի հետ
Ռուսաստանը և Իրանը ակտիվորեն աշխատում են «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացման ուղղությամբ, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջոցառումների շրջանակներում։
«Տրանսպորտային լոգիստիկայի զարգացման առումով ՌԴ–ն և Իրանը միասին ակտիվորեն աշխատում ենք «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացման ուղղությամբ։ Ռազմավարական այս մայրուղին կապահովի ամբողջ եվրասիական տարածաշրջանի կապը», – ասել է Միշուստինը։
«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը 7,2 հազար կմ երկարությամբ բազմամոդալ երթուղի է Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայի (Հնդկաստան) նավահանգիստ։ Միջազգային միջանցքն ունի երեք երթուղի՝ տրանսկասպյան (երկաթուղիների և նավահանգիստների օգտագործմամբ), ինչպես նաև արևմտյան և արևելյան (ցամաքային)։
2023 թվականի մայիսին Ռուսաստանը և Իրանը ստորագրեցին փաստաթղթեր՝ «Հյուսիս-Հարավի» արևմտյան երթուղու վերջին անհրաժեշտ հատվածի` իրանական Ռեշտ-Աստարայի կառուցումն ավարտելու համար։ Նախագծի ընդհանուր արժեքը 1,6 մլրդ դոլար է։
Ավելի ու ավելի շատ երկրներ են ցանկանում ընդլայնել համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ, Ղրղզստանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ասաց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Նա հիշեցրեց, որ այս տարվա մայիսին ուժի մեջ է մտել Միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։ Համաձայնագրեր են ստորագրվել նաև ԱՄԷ-ի և Մոնղոլիայի հետ։
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը վաղաժամ հեռացավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից: Դա բացատրեց Ռուսաստանում լինելու անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով այսօր Ալյասկայում կայանալիք ՌԴ և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը։