Իրանը կողմ է ՌԴ–Չինաստան առաջարկած բանաձևին
Իրանը աջակցում է միջուկային գործարքի (2231) վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ–ի բանաձևի գործողության ժամկետը երկարաձգելու առաջարկին, որը ներկայացրել են Ռուսաստանն ու Չինաստանը։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանն ու Չինաստանը առաջարկում են համապատասխան բանաձևը երկարաձգել վեց ամսով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 18-ը։
«Մենք կողմ ենք, որ դիվանագիտական փոխըմբռնման հասնելու և նոր գործարք կնքելու համար ավելի շատ ժամանակ տրվի։ Ռուսաստանի և Չինաստանի` 2231 բանաձևի կարճաժամկետ տեխնիկական երկարաձգման առաջարկը գործնական քայլ է այս ուղղությամբ», – լրագրողներին ասել է Իրավանին։
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան օգոստոսի 28-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին տեղեկացրել են, որ գործարկում են Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը։