Կարմիր խաչը սեպտեմբերի 3-ին կփակի Ադրբեջանում իր ներկայացուցչությունը
Ադրբեջանի կառավարությունը որոշել է 2025 թվականի սեպտեմբերի 3-ին փակել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունները երկրում, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
«ԿԽՄԿ-ն կշարունակի համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո գտնվող անձանց օգնություն ցուցաբերելու համար՝ համաձայն մեր մանդատի և Ժնևյան կոնվենցիաներով ստանձնած Ադրբեջանի պարտավորությունների։ Մտադիր ենք պահպանել երկխոսությունը մարդասիրական դիվանագիտության, ՄՄԻ-ի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ մարդասիրական հարցերի վերաբերյալ», – ասվում է հաղորդագրության մեջ։
1992 թվականից ի վեր կազմակերպությունը աջակցել է հակամարտությունից տուժած տարածքների բնակչությանը՝ օգնելով բավարարել առաջնահերթ կարիքները, տրամադրելով սոցիալ–հոգեբանական օգնություն, վերանորոգելով կարևորագույն ենթակառուցվածքները և իրականացնելով ականների մասին իրազեկման ծրագրեր։
Կարմիր խաչը աջակցել է նաև իշխանություններին միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման և հակամարտության հետևանքով անհետ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում։
«Մենք այցելել ենք հակամարտության հետ կապված կալանավորված անձանց նրանց կալանքի պայմանները և վերաբերմունքը վերահսկելու համար, ինչպես նաև օգնել ենք նրանց կապ պահպանել իրենց ընտանիքների հետ», – ասվում է հայտարարության մեջ։