Մադուրոն հրամայել է 25,000 զինվորական տեղակայել Կոլումբիայի սահմանին
Վենեսուելայի նախագահ և զինված ուժերի գերագույն հրամանատար Նիկոլաս Մադուրոն հրամայել է 25 հազար զինվորական տեղակայել Կոլումբիայի հետ սահմանին, ինչպես նաև երկրի Կարիբյան և Ատլանտյան ափերին՝ Նուևա Էսպարտա, Սուկրե և Դելտա Ամակուրո նահանգներում։
Մադուրոն նշել է, որ այդ միջոցառման նպատակն է պաշտպանել ազգային ինքնիշխանությունը, երկրի անվտանգությունն ու պահպանել խաղաղությունը՝ ուժեղացնելով արագ արձագանքման մարտավարական խմբերը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ Վենեսուելան բավարար միջոցներ չի ձեռնարկում թմրանյութերի առևտրի դեմ պայքարելու համար։ Reuters գործակալությունը հաղորդել է, որ օգոստոսի 19-ին ԱՄՆ-ը ուղարկել է երեք ռազմանավ, ատոմային սուզանավ և 4,5 հազար զինվորական Կարիբյան ծովի հարավային մաս՝ Վենեսուելայի ափերի մոտ գործողություններ իրականացնելու համար։ Սեպտեմբերի 2-ին Թրամփը հայտնել է, որ գործողության ընթացքում ոչնչացվել են վենեսուելական թմրակարտելի 11 անդամներ։