Իրանի հետ միջուկային գործարքը ձախողվեց Արևմուտքի իռացիոնալ քայլերի պատճառով. Ուլյանով
Ռուսաստանցի դիվանագետը մեկնաբանել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։
Իրանի միջուկային գործարքի ձախողումը պայմանավորված էր Արևմուտքի իռացիոնալ գործողություններով, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։
Դիվանագետը հայտարարել է, որ 2022 թվականի մարտից Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) արևմտյան մասնակիցները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, բազմաթիվ հիմնարար սխալներ են թույլ տվել, որոնք, ի վերջո, իրավիճակը փակուղի են մտցրել։
Նրա խոսքով՝ եվրոպացիները փաստացի հրաժարվել են միջուկային գործարքը վերականգնելու բանակցություններից դեռ 2022 թվականի գարնանը, մի քանի ամիս անց էլ նրանց օրինակին հետևել է ԱՄՆ-ն։
Դիվանագետը հիշեցրել է, որ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ՀՀԳԾ–ի վերականգնման բանակցությունները վերջնական փուլ էին հասել։
Նա հավելել է, որ եվրոպացիները հետագայում էլ բազմիցս հրահրել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի սրում ՄԱԳԱՏԷ-ում։