Իրանը շահագրգռված է Չաբահարի զարգացման գործում Ռուսաստանի ընկերությունների մասնակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i238916-Իրանը_շահագրգռված_է_Չաբահարի_զարգացման_գործում_Ռուսաստանի_ընկերությունների_մասնակցությամբ
Իրանը շահագրգռված է ռուսաստանյան ընկերությունների մասնակցությամբ Պարսից ծոցի ջրային տարածքում գտնվող Չաբահար նավահանգստի զարգացման գործում:
(last modified 2025-11-06T11:01:45+00:00 )
Նոյեմբեր 06, 2025 14:31 Asia/Tehran
  • Իրանը շահագրգռված է Չաբահարի զարգացման գործում Ռուսաստանի ընկերությունների մասնակցությամբ

Իրանը շահագրգռված է ռուսաստանյան ընկերությունների մասնակցությամբ Պարսից ծոցի ջրային տարածքում գտնվող Չաբահար նավահանգստի զարգացման գործում:

Այս մասին հայտնել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը՝ ամփոփելով նախարարի տեղակալ Դմիտրի Զվերևի և Իրանի նավահանգիստների և նավագնացության կազմակերպության ղեկավար Սաեդ Ռասուլիի հանդիպումը:

Կողմերը քննարկել են Կասպից ծովով փոխադրումների ծավալների ավելացման հարցերը և նշել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի Տրանսկասպյան երթուղով մուլտիմոդալ փոխադրումների զարգացման գործում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Առաջնահերթություններ են համարվել Կասպից ծովի նավահանգիստներ բեռների անխափան առաքման ապահովումը, ինչպես նաև նավահանգիստներին մոտ գտնվող երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքների զարգացումը:

«Իրանական կողմը շահագրգռված է   Չաբահար նավահանգստի զարգացման գործում ռուսաստանյան ընկերությունների մասնակցությամբ», - ասված է ՌԴ տրանսպորտի նախարարության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը Հնդկաստանին 6 ամսով ազատել է պատժամիջոցներից՝ իրանական Չաբահար նավահանգստով գործողություններ իրականացնելու համար: Անցյալ տարվա մայիսին Հնդկաստանն ու Իրանը նավահանգստի շահագործման մասին ստորագրել են 10 տարի ժամկետով համաձայնագիր։ Փաստաթուղթը կնքվել է «Indian Ports Global Limited» ընկերության և Իրանի նավահանգիստների և նավագնացության կազմակերպության միջև:

Ըստ համաձայնագրի դրույթների՝ նավահանգստի հագեցման համար հնդկական կողմը կներդնի մոտ 120 մլն դոլար։ Բացի այդ, Հնդկաստանն Իրանին 250 մլն դոլարի չափով վարկ է առաջարկել նավահանգստային և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հետ կապված նախագծերի համար:

Չաբահար նավահանգիստը դիտվում է որպես Հնդկաստանի տարածաշրջանային առևտրի և մարդասիրական ռազմավարության առանցքային տարր: Աշխատանքներ են տարվում Չաբահարը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին ինտեգրելու և այն Կենտրոնական Ասիայի երկրների հետ առևտրի համար օգտագործելու ուղղությամբ:

Հայաստանը նախատեսում է նաև օպերատորական գործունեություն սկսել այդ նավահանգստում։