Արդյոք Ֆրանսիան պատերազմի է պատրաստվո՞ւմ
Ֆրանսիայի հասարակության ապագա սպառնալիքներին դիմակայելու անհրաժեշտության մասին բանակի ԳՇ պետ Ֆաբիան Մանդոնի վերջին հայտարարությունները՝ քննարկումների ալիք են բարձրացրել երկրի քաղաքական և լրատվական տարածքում։ Ֆրանսիայի քաղաքապետերի կոնգրեսում իր ելույթում Մանդոնին հայտարարել է, որ երկիրը պետք է «պատրաստ լինի դիմանալ դժվարությունների՝ ազգային ինքնությունը պահպանելու համար» և նույնիսկ ընդունել «մեծ զոհողություններ»։
Այս հայտարարությունը, որը հնչել է Եվրոպայում անվտանգության հետ կապված մտահոգությունների ֆոնին, արժանացել է քննադատության։
ԶԼՄ-ները հաղորդում են, որ Յոհաննեսբուրգում G20 գագաթնաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես ընդգծել է պաշտպանական կարողությունների և ներքին համախմբվածության ամրապնդման անհրաժեշտությունը ՝ ասելով, որ ֆրանսիացիները, որպես ուժեղ ազգ պետք է պատրաստ լինեն ապագա սպառնալիքներին։ Անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումներին՝ նա հանրային իրազեկվածությունը և սոցիալական համերաշխությունը համարել է այս պատրաստվածության կարևոր տարրեր։
France 5-ին տված առանձին հարցազրույցում Մանդոնն անդրադառնալով մտահոգություններին, ասել է, որ իր խոսքերի նպատակն ազգային զգոնությունն ու պատրաստվածությունը բարձրացնելն էր՝ հղում անելով «Ազգային ռազմավարական վերանայում 2025»-ին, որը շեշտում էր 2030-2027 թվականներին Եվրոպայում խոշոր հակամարտության պատրաստվելու անհրաժեշտությունը։
Քաղաքական կուսակցությունները նույնպես արձագանքել են այս հայտարարություններին։ Ձախերից մինչև ծայրահեղ աջեր, շատ քաղաքական գործիչներ կարծում են, որ բանակի գլխավոր հրամանատարի խոսքերը գերազանցել են զինվորական պարտականությունները և կարող են սոցիալական մտահոգություններ առաջացնել։ Այնուամենայնիվ, Ֆրանսիայի կառավարությունը փորձել է մթնոլորտը ներկայացնել ավելի հանգիստ։ Կառավարության խոսնակը շեշտել է, որ երիտասարդ ֆրանսիացիները չեն ուղարկվի Ուկրաինայի պատերազմին մասնակցելու, և Մանդոնի խոսքերը պետք է մեկնաբանվեն եվրոպական պաշտպանության նոր միտումների համատեքստում, ներառյալ զորակոչի վերադարձը և անօդաչու թռչող սարքերի դեմ վահանի ամրապնդումը։
Ընդհանուր առմամբ, չնայած Ֆրանսիան պաշտոնապես չի սկսել ռազմական զորահավաք, կան նշաններ, որ երկիրը և ԵՄ մյուս անդամները փորձում են բարձրացնել ի հայտ եկող սպառնալիքների դեմ զսպման մակարդակը։