Ադրբեջանում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գիծ են կառուցում
Ադրբեջանում էլեկտրահաղորդման գիծ են կառուցում (1000 ՄՎտ թողունակությամբ), որը Հայաստանի տարածքով կհասնի Նախիջևան։ Այս մասին գրում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով «Ազերէներժի» ԲԲԸ-ին։
Բաքուն այսպիսով ցանկանում է Նախիջևանը միացնել երկրի հիմնական էլեկտրաէներգետիկ համակարգին՝ Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա միջազգային էներգամիջանցք ստեղծելու համար։ Հայաստանից մինչև Նախիջևան գծի երկարությունը կկազմի 44 կմ։ Ի դեպ, այդ գիծը նաև անվանում ունի` «Զանգեզուր»։
«Ազերէներժի» ընկերությունը նշում է, որ գիծն անցնելու է Արաքս գետի երկայնքով, իսկ մի շարք հատվածներում՝ լեռնազանգվածների ու ժայռերի միջով։
Հետագայում այն միացվելու է Աղբենդի և Օրդուբադի ուղղություններով ձգվող գծերին։ Եվս մեկ ռազմավարական փուլ է Նախիջևանից մինչև Թուրքիա 400 կՎ լարմամբ և 230 կիլոմետր երկարությամբ էլեկտրահաղորդման գծի անցկացումը։
Նախագիծը, որը հայտարարվել է որպես Ադրբեջանի պատմության մեջ խոշորագույն էներգետիկ ծրագրերից մեկը, նպատակ ունի Նախիջևանի Ինքնավարությունը լիովին ինտեգրել երկրի միասնական էներգահամակարգին։ Բաքվի նպատակների թվում է վերացնել ինքնավարության կախվածությունը արտասահմանյան աղբյուրներից և եվրոպական էներգետիկ շուկաներ դուրս գալու հնարավորություն ստեղծել։