Ալբանիայում շարունակվում են բողոքի ակցիաները Թրամփի փեսայի զբոսաշրջային նախագծի դեմ
Ժողովրդական բողոքի ակցիաները Ալբանիայի ափամերձ գոտու մի մասի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ կապված զբոսաշրջային նախագծին հատկացնելու դեմ մտել են 28-րդ անընդմեջ օրը:
Հարյուրավոր մարդիկ շաբաթ օրը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում բողոքի ցույց են անցկացրել և «Ալբանիան վաճառքի չէ» վանկարկումներով իրենց դժգոհությունն են հայտնել այդ ծրագրի դեմ:
Ինչպես հաղորդում է Paratoday-ը, բողոքողները կարծում են, որ այս ափի օտարերկրյա ներդրումային նախագծին հատկացնելը սպառնում է հանրային շահերին և երկրի բնական ռեսուրսներին, և պահանջում են դադարեցնել դրա իրականացումը: Նրանք ընդգծում են, որ Ալբանիայի ափերը չպետք է հանձնվեն նախագծերի, որոնք, նրանց խոսքով, անտեսում են ազգային շահերը:
Այս հավաքը մաս է կազմում շուրջ չորս շաբաթ առաջվանից սկսած և դեռևս շարունակվող բողոքի ակցիաներից: Բողոքողները ամեն օր նշանակված վայրերում հավաքվելով՝ պահանջում են կառավարությունից վերանայել իր որոշումը այս նախագծի վերաբերյալ և կանխել երկրի ափերի փոխանցումն օտարերկրյա ներդրողներին: