ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ․ ԱՄՆ-ն ագրեսոր է, ոչ թե զոհ
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչը, մերժելով ԱՄՆ-ի այն պնդումները, թե Իրանը զենք է փոխանցում Եմենին, հայտարարել է, որ Վաշինգտոնը անհիմն մեղադրանքների միջոցով փորձում է միջազգային հանրության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրությունը շեղել տարածաշրջանում իր անօրինական և ապակայունացնող գործողություններից։
Ամիր Սաիդ Իրավանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում նշել է, որ Իրանի դեմ ներկայացված մեղադրանքները զուրկ են որևէ հավաստի, անկախ և հիմնավոր ապացույցից՝ դրանք բնութագրելով որպես հորինված քայլ, որի նպատակն է քողարկել ԱՄՆ-ի քաղաքականությունը։
Վկայակոչելով Իրանի պետական ռադիոյի և հեռուստատեսությանը, Pars Today-ը հայտնում է, որ Իրավանին, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներում ԱՄՆ-ի դերակատարությանը, ընդգծել է, որ Վաշինգտոնը Եմենում և տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության թուլացման հիմնական պատասխանատուն է։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները խոչընդոտել են 2022 թվականի ապրիլին հաստատված հրադադարի իրականացման գործընթացին և դադարեցրել ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող քաղաքական ջանքերը։
Իրավանին նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը, Իսրայելի ռեժիմի հետ համագործակցությամբ, Իրանի դեմ ագրեսիվ պատերազմներ սկսելով, բացահայտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքի նորմերը։
Իրանի դեսպանը հավելել է, որ ԱՄՆ-ը ոչ միայն չի դադարեցրել իր անօրինական գործողությունները, այլև շարունակելով ռազմական հարձակումները Իրանի դեմ և միջամտելով Հորմուզի նեղուցի հետ կապված գործընթացներին՝ լուրջ սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանային անվտանգության և միջազգային առևտրային նավագնացության համար։
Նրա խոսքով՝ նման քայլերը նաև թուլացնում են տարածաշրջանում կայունությունը վերականգնելու ուղղությամբ իրականացվող դիվանագիտական ջանքերը։