Հայ ավետարանական հոգևորականները ՄԱԿ-ին կոչ են արել հավատարիմ մնալ փաստերին
Իրանի հայախոս և ասորախոս ավետարանական եկեղեցիների հոգևորականները հայտարարությամբ արձագանքել են Իրանում մարդու իրավունքների և կրոնի ազատության վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողների հրապարակած հաղորդագրությանը՝ այն համարելով միակողմանի և փաստական հանգամանքները ոչ ամբողջությամբ ներկայացնող։
Հայտարարության հեղինակները նշել են, որ Սուրբ Պետրոս ավետարանական եկեղեցու համալիրի վերաբերյալ ներկայացված պնդումները չեն արտացոլում գործընթացի իրավական և իրական հանգամանքները։ Նրանք ընդգծել են, որ եկեղեցու հոգևորականների նկատմամբ ճնշումների կամ սպառնալիքների մասին տեղեկությունները կեղծ են, և որպես դրա վկայություն մատնանշել են Սուրբ Պետրոս եկեղեցու հովվի՝ հայտարարությունը ստորագրելու հանգամանքը։
Հոգևորականները նաև հայտարարել են, որ հայախոս և ասորախոս ավետարանական եկեղեցիները շարունակում են իրենց կրոնական արարողությունները։ Նրանց խոսքով՝ Իրանի Սահմանադրության 13-րդ հոդվածը քրիստոնյաների համար երաշխավորում է կրոնական պաշտամունքի ազատությունը։
Հայտարարության հեղինակները ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կոչ են արել ուշադրություն դարձնել նաև Իրանում պատերազմի հետևանքով զոհված խաղաղ բնակիչներին, վնասված եկեղեցիներին, մշակութային կենտրոններին և այլ ենթակառուցվածքներին։