Չինաստանը կոչ է արել բարեփոխել աշխարհում մարդու իրավունքների կառավարման համակարգը
https://parstoday.ir/hy/news/world-i250758-Չինաստանը_կոչ_է_արել_բարեփոխել_աշխարհում_մարդու_իրավունքների_կառավարման_համակարգը
Չինաստանը, աշխարհի 71 երկրների անունից հանդես գալով, «Համաշխարհային կառավարման նախաձեռնության» առաջնորդությամբ կոչ է արել բարեփոխել աշխարհում մարդու իրավունքների կառավարման համակարգը։
(last modified 2026-10-01T09:14:52+00:00 )
Հոկտեմբեր 01, 2026 12:37 Asia/Tehran
  • Չինաստանը կոչ է արել բարեփոխել աշխարհում մարդու իրավունքների կառավարման համակարգը

Չինաստանը, աշխարհի 71 երկրների անունից հանդես գալով, «Համաշխարհային կառավարման նախաձեռնության» առաջնորդությամբ կոչ է արել բարեփոխել աշխարհում մարդու իրավունքների կառավարման համակարգը։

Հղում անելով IRIB-ին՝ Pars Today-ը հաղորդում է, որ Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում և Շվեյցարիայի այլ միջազգային կազմակերպություններում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Ջիա Գույ Դեն, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 63-րդ նիստում, աշխարհի 71 երկրների անունից, կոչ է արել «Համաշխարհային կառավարման նախաձեռնության» առաջնորդությամբ աշխարհում մարդու իրավունքների ոլորտում հաստատել արդար, ողջամիտ և ներառական համակարգ։

Նա նշել է. «Հաշվի առնելով աշխարհում ստեղծված ներկայիս բարդ և անկայուն իրավիճակը և այն, որ մարդու իրավունքների ոլորտում գործող միջազգային համակարգը կանգնած է խորքային փոփոխությունների անհրաժեշտության առջև՝ Չինաստանը այդ նպատակով ներկայացնում է չորս առաջարկ։

Առաջինը՝ մարդու իրավունքների ոլորտում մարդակենտրոն մոտեցման պահպանումն է, որը յուրաքանչյուր երկրի ժողովրդին հնարավորություն է տալիս գնահատելու իր երկրում մարդու իրավունքների վիճակը, բարելավելու այն և, այդ ոլորտում իր կարիքների բավարարման ուղղությամբ, պաշտպանելու մարդու իրավունքների կառավարման հիմնական նպատակները։

Երկրորդը՝ ինքնիշխան հավասարության սկզբունքի պահպանումն է, որը երաշխավորում է բոլոր երկրների մասնակցությունը, որոշումների կայացումը և մարդու իրավունքների համաշխարհային կառավարմանը մասնակցելուց ստացվող օգուտը, ինչպես նաև պայմանների ստեղծումը, որպեսզի Գլոբալ հարավի երկրների ձայնն ավելի լսելի լինի։ Այս ամենը պետք է հիմնված լինի արդարության, անաչառության, ընտրովի մոտեցման և քաղաքականացման բացառման սկզբունքների պահպանման, ինչպես նաև փոխադարձ հարգանքի հիման վրա երկխոսության և համագործակցության վրա։

Երրորդը՝ արդարության և հավասարության պահպանումն ու մարդու իրավունքների քաղաքականացման և գործիքայնացման դեմ հանդես գալն է՝ այնպես, որ հաշվի առնվեն մարդու իրավունքների բոլոր տեսակները, շարունակաբար առաջ մղվեն մարդու իրավունքների ոլորտի բարեփոխումները և աջակցություն ցուցաբերվի մարդու իրավունքների կառույցներին ու փորձագետներին՝ իրենց պարտականությունները օբյեկտիվորեն և անաչառորեն կատարելու գործում։

Չորրորդը՝ միջազգային իրավունքի գերակայության պահպանումն ու ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների պաշտպանությունն է՝ միջազգային օրենքների և կանոնների հավասար և միասնական կիրառումն ապահովելու, ինչպես նաև երկակի չափանիշներին, մարդու իրավունքների հարցերի պատրվակով այլ երկրների ներքին գործերին միջամտելուն և սեփական չափանիշները մյուսներին պարտադրելուն հակադրվելու նպատակով»։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կողմից «Համաշխարհային կառավարման նախաձեռնությունը» ներկայացնելուց ավելի քան մեկ տարի անց այս առաջարկները մշակվել և ներկայացվել են Ժնևում գործող «Համաշխարհային կառավարման բարեկամների խմբի» անունից։ Իրանը նույնպես «Համաշխարհային կառավարման բարեկամների խմբի» անդամներից է։