Ֆրանսիայում բուրկինի կրելու արգելքը պետք է չեղարկվի. ՄԱԿ
Ֆրանսիայի լողափերին բուրկինի (մուսուլմանական լողազգեստ) կրելու արգելքը պետք է անհապաղ չեղարկվի:
TASS-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի հանգստավայր-քաղաքների իշխանություններին այսպիսի կոչով դիմել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը:
Վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Քոլվիլը Ժնևում ճեպազրույցի ժամանակ ողջունել է Ֆրանսիայի Պետական խորհրդի որոշումը, որը օգոստոսի 26-ին բուրկինի կրելու արգելքը համարել է անօրինական, որն ընդունվել էր Նիսի մոտ գտնվող Վիլնյով Լյուբե քաղաքում:
«Մենք բոլոր մյուս մերձափնյա քաղաքների և հանգստավայրերի իշխանություններին, որոնք նման արգելքներ են սահմանել, կոչ ենք անում անհապաղ չեղարկել դրանք»,- ասել է նա: Քոլվիլը հիշեցրել է, որ մարդու իրավունքների ոլորտում միջազգային չափանիշների համաձայն՝ «հավատքի կամ կրոնի արտահայտման սահմանափակումներ, ներառյալ՝ հագուստի ընտրությունը, թույլատրված են միայն շատ սահմանափակ հանգամանքներում, ներառյալ՝ հանրային անվտանգությունը, կարգը, առողջությունը և բարոյականությունը»:
1in.am