Համբուրգում ՄԽ համանախագահները Նալբանդյանի և Մամեդյարովի հետ կքննարկեն նախագահների հնարավոր հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i39940-Համբուրգում_ՄԽ_համանախագահները_Նալբանդյանի_և_Մամեդյարովի_հետ_կքննարկեն_նախագահների_հնարավոր_հանդիպումը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեր Անդրիոն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հայտարարություն են տարածել հոկտեմբերի 23-25-ը տարածաշրջան կատարած այցի արդյունքների վերաբերյալ, հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հոկտեմբեր 26, 2016 08:06 Asia/Tehran
  • Համբուրգում ՄԽ համանախագահները Նալբանդյանի և Մամեդյարովի հետ կքննարկեն նախագահների հնարավոր հանդիպումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեր Անդրիոն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հայտարարություն են տարածել հոկտեմբերի 23-25-ը տարածաշրջան կատարած այցի արդյունքների վերաբերյալ, հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:

«Համանախագահները հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների և արտգործնախարարների, ՀՀ նորանշանակ պաշտպանության նախարարի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ:

Համանախագահների այցի նպատակն ապրիլյան աննախադեպ բռնություններից հետո ստեղծված իրադրության քննարկումն էր և բանակցային գործընթացում դիրքերի հստակեցումը:

Հանդիպումների ժամանակ կողմերը հաստատել են, որ իրադրությունը շարունակում է հարաբերականորեն հանգիստ մնալ: Համանախագահներն ընդգծել են, որ հրադադարի ռեժիմի պահպանումը ապահովում է ընթացող բանակցությունների անհրաժեշտ հիմքը և նշել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունած որոշումների լիակատար իրականացման կարևորությունը:

Համանախագահները նաև քննարկել են ներկայիս աշխատանքային առաջարկները` հասնելու առարկայական բանակցությունների հանուն տևական խաղաղության: Նախագահներից յուրաքանչյուրն արտահայտել է իր տեսակետները, թե ինչպես առաջ տանել կարգավորման գործընթացը: Նախագահները նաև վերահաստատել են համաձայնությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման ուղղությամբ, և օպերատիվ մանրամասները դեռ շարունակում են քննարկվել:

Համանախագահները ծրագրում են հանդիպել արտաքին գործերի նախարարներին 2016 թվականի դեկտեմբերին Համբուրգում ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպման ժամանակ` քննարկելու նախագահների հնարավոր հանդիպման ամենավաղ հնարավորությունը:  Ամենաբարձր մակարդակով նման երկխոսությունն անհրաժեշտ է կարգավորման հարցում առաջընթաց գրանցելու համար», - համանախագահների տարածած հայտարարությունy մեջ է բերում «Արմենպրեսը»:

Հայտարարությունում նաև նշվում է, որ տարածաշրջանային այցի շրջանակում համանախագահները նաև հանդիպել են «Կարմիր խաչի միջազգային կոմիտե»-ի հետ` քննարկելու այն աշխատանքը, որը կազմակերպությունն իրականացնում է կորած անձանց մասին տեղեկատվության փոխանակման ուղղությամբ` հումանիտար քայլ, որին համանախագահները բոլոր մակարդակի հանդիպումների ժամանակ հայտնել են իրենց լիակատար աջակցությունը:

armedia.am

26/10/2016