Շոյգու. Սիրիայում քաղաքական կարգավորումն անորոշ ժամանակով հետաձգվում է
Սիրիայում հակամարտության քաղաքական կարգավորման մեկնարկն անորոշ ժամանակով հետաձգվում է` հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Սիրիայում ահաբեկիչներին ոչնչացնելու համար անհրաժեշտ է միասնական գործել և ոչ խոչընդոտել գործընկերների աշխատանքը: Դա գրոհայիններն օգտագործում են իրենց շահերի համար: Այդ պատճառով խաղաղ գործընթացի հեռանկարը հետաձգվում է», — BBC-ի փոխանցմամբ` ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը՝ հորդորելով արևմտյան երկրներին կողմնորոշվել՝ ում հետ են իրենք պատերազմում՝ Ռուսաստանի՞, թե՞ ահաբեկիչների։:Շոյգուն ընդգծել է, որ արդեն 16 օր է, ինչ Հալեպում ավիացիա չեն կիրառում:
Նախօրեին Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան հայտարարել էր, որ իրեն ցնցել է այն փաստը, որ գրոհայինները Հալեպում թիրախ են դարձնում խաղաղ բնակչությանը: «Վերջին 48 ժամվա ընթացքում Հալեպի արևմտյան թաղամասերին հասցվել են անողոք և անկանոն հրթիռային հարվածներ, սպանվել են տասնյակ խաղաղ բնակիչներ»,- ասել էր դե Միստուրան՝ հավելելով, որ այդ հարձակումները կարող են որակվել որպես ռազմական հանցագործություն:
Նշենք, որ տարբեր հասարակական կազմակերպությունների տվյալներով՝ սեպտեմբերից մինչ օրս Հալեպում սպանվել և վիրավորվել է ավելի քան 2700 մարդ: Վերջին տվյալներով՝ Հալեպի արևելյան հատվածում կա մոտ 275 հազար խաղաղ բնակիչ: Շրջափակման մեջ գտնվող թաղամասեր չի մատակարարվում սնունդ և դեղորայք:
armradio.am/
2/10/2016