Վատիկանում կայացել է Ֆրանցիսկոս պապի և Արամ Ա. Կաթողիկոսի հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i42265-Վատիկանում_կայացել_է_Ֆրանցիսկոս_պապի_և_Արամ_Ա._Կաթողիկոսի_հանդիպումը
Վատիկանում նոյեմբերի 11-ին Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հանդիպում է ունեցել Արամ Ա. Կաթողիկոսի հետ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 12, 2016 06:23 Asia/Tehran
  • Վատիկանում կայացել է Ֆրանցիսկոս պապի և Արամ Ա. Կաթողիկոսի հանդիպումը

Վատիկանում նոյեմբերի 11-ին Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հանդիպում է ունեցել Արամ Ա. Կաթողիկոսի հետ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունից:

Վեհափառ Հայրապետն առաջին հերթին իր ջերմ շնորհակալությունն է հայտնել Սրբազան Պապին, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առիթով, հրապարակային երկու ելույթների ընթացքում՝ Վատիկանում ու Երևանում, հիշատակել է Հայոց ցեղասպանության մասին: Վեհափառ Հայրապետը նշել է, որ եկեղեցին պետք է կանգնի ճշմարտության կողքին ու կրկին ընդգծել է, որ 20-րդ դարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն, որը Թուրքիայի կողմից մերժվում է: Արամ Ա. Կաթողիկոսը հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքում քրիստոնյաների բազմաթիվ դժվարություններին ու նշել այդ իրավիճակում եկեղեցու՝ նրանց կողքին լինելու փաստը:

Նա շնորհակալություն է հայտնել Վատիկանին՝ քրիստոնյա համայնքի իրավունքը պաշտպանելու համար: Վեհափառ Հայրապետն ընդգծել է նաև քրիստոնյա-մուսուլման միջկրոնական երկխոսության կարեւորությունը, Մերձավոր Արևելքում քրիստոնյա ժողովրդի պահպանությունը և շնորհակալություն հայտնել Վատիկանին այս հարցում օժանդակության համար:

Արամ Ա. Կաթողիկոսը և Ֆրանցիսկոս Պապն ուրախությամբ ողջունել են նաև Լիբանանի նախագահական ընտրությունները և կարեւորել Լիբանանում բնակվող քրիստոնյա ու մուսուլման ժողովրդի խաղաղ գոյակցությունը:

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը Սրբազան Քահանայապետին է նվիրել վերջերս հրատարակված Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության կատալոգը՝ «The Armenian Catholicosate of Cilicia – History, Treasures, Mission»։

Armenpress.am