Պենտագոնն արագորեն կորցնում է միջոցները՝ Իրանում պատերազմի միլիարդավոր ծախսերի պատճառով. WP
https://parstoday.ir/hy/news/world-i247954-Պենտագոնն_արագորեն_կորցնում_է_միջոցները_Իրանում_պատերազմի_միլիարդավոր_ծախսերի_պատճառով._wp
Պենտագոնը բախվել է բյուջեի սուր դեֆիցիտի, որն առաջացել է հիմնականում Իրանում ընթացող պատերազմի պատճառով:
(last modified 2026-07-21T16:17:00+00:00 )
Հուլիս 21, 2026 18:48 Asia/Tehran
  • Պենտագոնն արագորեն կորցնում է միջոցները՝ Իրանում պատերազմի միլիարդավոր ծախսերի պատճառով. WP

Պենտագոնը բախվել է բյուջեի սուր դեֆիցիտի, որն առաջացել է հիմնականում Իրանում ընթացող պատերազմի պատճառով:

Օրենսդիրների, ինչպես նաև ամերիկացի ներկա և նախկին պաշտոնյաների տվյալներով՝ ֆինանսավորման որոշ առանցքային հոդվածներ կսպառվեն առաջիկա շաբաթների ընթացքում. և սա տեղի է ունենում նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած՝ Թեհրանի հետ հակամարտության լարվածության սրացման ֆոնին, գրում է Washington Post-ը:

Ֆինանսական ճգնաժամն արդեն իսկ Պենտագոնին ստիպում է կրճատել մարտական պատրաստության և տեխնիկական սպասարկման ծրագրերը, որոնք ապահովում են զորքերի մարտունակությունը, հայտնել է չորս աղբյուր:

Իրանի հետ հրադադարի համաձայնագրի տապալումը կարող է ավելի ուժեղ հարվածել ռազմական բյուջեին: Ավելի քան մեկ շաբաթ տևած ինտենսիվ մարտերի ընթացքում ամերիկացի չորս զինծառայողի զոհվելուց հետո պաշտոնական Վաշինգտոնը հասկացրեց, որ պատրաստվում է ավելի մասշտաբային հակամարտության:

Սպիտակ տունը դիմել է Կոնգրեսին՝ խնդրելով շտապ կարգով հատկացնել 67 միլիարդ դոլար՝ ռազմական ծախսերը ծածկելու համար, սակայն օրենսդիրները հայտնվել են փակուղում այն հարցում, թե ինչպես գործել հետագայում: Ներկայացուցիչների պալատը ծրագրում է արձակուրդ գնալ արդեն այս հինգշաբթի, ինչը հետաձգում է ռազմական ֆինանսավորման վերաբերյալ ցանկացած գործարք առնվազն մի քանի շաբաթով:

«Յուրաքանչյուր ոք պետք է նայի իրավիճակին և ձերբազատվի ինքնահանգստությունից»,- հարցազրույցում հայտարարել է Հյուսիսային Կարոլինայից հանրապետական կոնգրեսական և Զինված ուժերի հանձնաժողովի անդամ Փեթ Հարիգանը:

Երեքշաբթի, հոդվածի հրապարակումից հետո, մամուլի քարտուղար Շոն Փարնելը հայտարարեց, որ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը «կանի անհրաժեշտ ամեն ինչ» զորքերի մարտունակությունը պահպանելու համար՝ ընդգծելով, որ պաշտպանության ֆինանսավորումն ունի «կենսական նշանակություն»:

Երեքշաբթի Հեգսեթը և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դեն Քեյնը պետք է ելույթ ունենան ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովի առջև: Սրանք կլինեն առաջին հանրային լսումները՝ նվիրված օգնության այս փաթեթին: Վերջին անգամ նրանք Կապիտոլիումի բլրի վրա ելույթ էին ունեցել մայիսին՝ նախքան փխրուն զինադադարի տապալումը:

Սպիտակ տան Բյուջետային վարչության տնօրեն Ռասել Վոութը նույնպես պետք է ելույթ ունենա հանրապետական օրենսդիրների առջև երեքշաբթի առավոտյան: Աղբյուրների փոխանցմամբ՝ եթե Կոնգրեսը քայլեր չձեռնարկի, ռազմական ղեկավարությունը ստիպված կլինի գնալ ավելի ցավոտ փոխզիջումների:

Թրամփն ավիահարվածների արշավը սկսել է փետրվարի վերջին՝ բազմիցս հայտարարելով, որ այն կավարտվի մի քանի շաբաթից: Սակայն հակամարտությունն ամիսներով ձգձգվեց: Իրանը փակեց Հորմուզի նեղուցը՝ նավթի և պարարտանյութերի առևտրի կարևորագույն երթուղին, ինչը ցնցումներ առաջացրեց համաշխարհային տնտեսությունում:

Անցյալ ամիս Վոութն օրենսդիրներին տեղեկացրեց, որ պատերազմն արդեն արժեցել է մոտ 30 միլիարդ դոլար, սակայն անկախ վերլուծաբանները կարծում են, որ իրական թիվը շատ ավելի բարձր է: Սպիտակ տան գնահատականները չեն ներառում Մերձավոր Արևելքում իրանական հարվածներից վնասված ամերիկյան ռազմաբազաների վերականգնման ծախսերը:

Հակամարտությունն անանխադեպ ծանր ծանրաբեռնվածություն է ստեղծել ԱՄՆ Ռազմածովային ուժերի և Ռազմաօդային ուժերի համար, որոնք ավիացիա և մարտական նավեր են տեղափոխել Մերձավոր Արևելք: Կոնգրեսականների երկու օգնականի փոխանցմամբ՝ 2026 թվականի բյուջեի այն հոդվածները, որոնք ծածկում են զինված ուժերի այս երկու տեսակի ընթացիկ ռազմական գործողությունները, կսպառվեն արդեն ընթացիկ ամսվա վերջին:

Մինչև նոր ֆինանսական տարվա սկիզբը՝ հոկտեմբերի 1-ը, դեֆիցիտը ծածկելու համար Պենտագոնը վերաբաշխում է առկա միջոցները: Ըստ աղբյուրների՝ ռազմական զորավարժություններն ու մարզումները չեղարկվում կամ կրճատվում են, իսկ տեխնիկայի և ենթակառուցվածքների սպասարկման համար հատկացված բյուջեներն ուղղվում են ճեղքվածքները փակելուն:

The Washington Post-ի ուսումնասիրած փաստաթղթի համաձայն՝ վերջին շաբաթներին Պենտագոնը Կոնգրեսից թույլտվություն է խնդրել 4,3 միլիարդ դոլար վերաուղղորդել զորավարժությունների և սպառազինությունների գնման հոդվածներից դեպի ավելի առաջնահերթ կարիքներ: Կոնգրեսն առայժմ չի հաստատել այս հայտը:

Թրամփի վարչակազմի ներկայացուցիչը հաստատել է, որ Սպիտակ տան Բյուջետային վարչությունը փորձում է միջոցների մի մասն ուղղել Պենտագոնի շահագործման և մարտական սպասարկման հոդվածներին: Այնուամենայնիվ, դա տեղի կունենա այլ առանցքային ծրագրերի կրճատման հաշվին:

Մինչդեռ Ներկայացուցիչների պալատի հանրապետականները մշակում են օրինագիծ՝ օգտագործելով «բյուջեի համաձայնեցման» (reconciliation) բարդ մեխանիզմը, որպեսզի արագացնեն գումարների հատկացումը: Սպասվում է, որ այս շաբաթ Ներկայացուցիչների պալատը քվեարկություն կանցկացնի փաստաթղթի կառուցվածքի շուրջ, որը նախատեսում է 73 միլիարդ դոլարի նոր պաշտպանական ծախսերի հատկացում (մի փոքր ավելի, քան խնդրել էր Սպիտակ տունը):

Սակայն այս ռազմավարությունը բախվում է լուրջ խոչընդոտների Սենատում, որտեղ մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունը (հանրապետական Հարավային Դակոտայից) կասկածներ է հայտնել դրա հեռանկարների վերաբերյալ:

Դեմոկրատները արգելափակում են պաշտպանական առանցքային նախաձեռնությունները՝ դեմ արտահայտվելով իրանական հակամարտության համար միջոցների հատկացմանը, ինչը քննադատում են երկու կուսակցությունն էլ: Նույնիսկ այն օրենսդիրները, որոնք դեմ չեն ֆինանսավորմանն աջակցելուն, դժգոհ են այն պատճառով, որ Պենտագոնը ձգձգում է հաշվետվությունների տրամադրումը:

Երբ Հեգսեթն ապրիլին ցուցմունք էր տալիս Ներկայացուցիչների պալատում, հանձնաժողովի ղեկավարությունը նրան կոչ արեց որքան հնարավոր է շուտ տվյալներ տրամադրելու պատերազմի արժեքի մասին: Պենտագոնը բաց թողեց հրամանագրով սահմանված ժամկետը և շաբաթներ շարունակ չէր տրամադրում պահանջվող մանրամասները, ներառյալ տվյալներ Իրանում հազարավոր զինամթերքներ ծախսելուց հետո բարձր ճշգրտության զենքի մնացորդների վերաբերյալ:

«Մեզ անհրաժեշտ է իմանալ, թե կոնկրետ ինչ ենք գնում և ինչու»,-  հայտարարել է Բեթի Մաքքոլումը՝ համապատասխան ենթահանձնաժողովի գլխավոր դեմոկրատը:

Հեգսեթը նախկինում հրապարակավ նվազեցնում էր զինամթերքի պակասի վերաբերյալ մտահոգությունները՝ CBS News-ին տված հարցազրույցում հայտարարելով, որ ԱՄՆ պաշարները «կարգին են և միայն ավելի են ամրապնդվում»: Սակայն փակ դռների հետևում Պենտագոնի պաշտոնյաները շատ ավելի մեծ տագնապ են հայտնում՝ պնդելով, որ բանակին շտապ անհրաժեշտ է գումար՝ զենքի պաշարները համալրելու համար՝ Ռուսաստանի և Չինաստանի նման հակառակորդներին զսպելու դեպքում:

Մաքքոլումը նշել է, որ զենքի պաշարների համալրումը ակնհայտ առաջնահերթություն է, և ընդգծել է, որ Պենտագոնի այլ ներկայացուցիչներ «ծայրահեղ մտահոգված են» նրանով, որ օրենսդիրները չեն ստանում որոշումներ ընդունելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը:

ԱՄՆ պաշտպանական բյուջեն այս տարի կազմում է մոտ 1 տրիլիոն դոլար, ներառյալ անցյալ տարի հաստատված 150 միլիարդ դոլարի մեկանգամյա ֆինանսավորումը: 2027 ֆինանսական տարվա համար Թրամփի վարչակազմը պահանջել է ռեկորդային 1,5 տրիլիոն դոլար, ինչը թեժ վեճեր է առաջացրել Կապիտոլիումի բլրում: