Տարաձայնություններ ԵԱՏՄ-ում՝ Մինսկը մեղադրել է Ռուսաստանին Բելառուսի դեմ պատժամիջոցների համար
Այս շաբաթ Մինսկը և Մոսկվան կարող են լուծել նավթագազային վեճը:
Մինսկը շարունակում է Մոսկվայի դեմ տեղեկատվական հարձակումը՝ ջանքերը կենտրոնացնելով ՌԴ-ի անասնաբուժության և ֆիտոսանիտարիայի ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության վրա, և դեռ չի մեկնաբանում գազի պարտքի հետ կապված իրավիճակը, գրում է «Независимая Газета»-ն:
«Ռոսսելխոզնադզոր»-ի քաղաքականության մասին մերկացնող հայտարարություններով երեկ բելառուսական հեռուստատեսության եթերում հանդես է եկել երկրի փոխվարչապետ Միխայիլ Ռուսին: Նա միացել է նախկինում ռուսական գերատեսչության հասցեին հնչեցված քննադատությանը: Բելառուսական արտադրանքի փորձանմուշները վեցրվում են խախտումներով, և լոբբինգ է արվում «որոշակի կառույցների» շահերը: Մի քանի օր առաջ այդ թեմայով մեծ հարցազրույցով էր հանդես եկել նաև գյուղատնտեսության նախարար Լեոնիդ Զայացը:
Նրանց կարծիքով՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի գործողությունները վարկաբեկում են եվրասիական ինտեգրման գաղափարը:
«Շատ դժվար է բացատրել մարդկանց, թե ինչ է ինտեգրումը, ինչ է ԵԱՏՄ-ն, Մաքսային միությունը: Երբ մեզ ասում են, որ մեր շուկաները բաց կլինեն, երբ մենք քվեարկում և աջակցում ենք քաղաքականությանը, որ կլինի ընդհանուր առևտրային տարածք, իսկ փաստացիորեն հայտնվում է «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Դանկվերտը, Օնիշչենկոն կամ ևս մեկը, որ խաչ է դնում բոլոր այն ձեռնարկումների վրա, որոնք պետությունների և կառավարությունների առաջնորդները պետք է առաջ տանեն»,- հայտարարել է «Միր» («Мир») միջպետական հեռուստառադիոընկերության ներկայացուցչության տնօրեն Վլադիմիր Պերցովը:
Փորձագետները սպասում են, որ այս շաբաթ ակտիվ փուլ կմտնի դաշնակից երկրների միջև ևս մի կոնֆլիկտ՝ նավթագազայինը: Դրա համար հիմք է դարձել Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հայտարարությունը: Նա հայտնել է լրագրողներին, որ Մոսկվան դեռ Մինսկից սպասում է գազի պարտքի վերադարձը, և արհամարհական կերպով է արտահայտվել կանխավճարի մասին, որը Բելառուսն ուղարկել է Ռուսաստանին՝ դա անվանելով «բարի կամքի դրսևորում»:
«Մենք կանխավճար չենք սպասում: Կանխավճարն արդեն վաղուց հետ է վերադարձել»,- հայտարարել է Դվորկովիչը: Նրա խոսքով՝ այդ թեմայով բանակցությունները շարունակվում են և «շատ ծանր են ընթանում»:
Tert.am