Լապշինին արտահանձնել են Ադրբեջան
https://parstoday.ir/hy/news/world-i53571-Լապշինին_արտահանձնել_են_Ադրբեջան
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինին հատուկ չվերթով փետրվարի 7-ին տեղափոխել են Բաքու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2017 05:52 Asia/Tehran
  • Լապշինին արտահանձնել են Ադրբեջան

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինին հատուկ չվերթով փետրվարի 7-ին տեղափոխել են Բաքու:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բաքվի օդանավակայանից տեղեկացրել է Interfax-թղթակիցը:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան: Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջում էր Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց:

Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Armenpress.am