Բելառուսը կդառնա՞ արդյոք Պուտինի հաջորդ զոհը. The Observer
https://parstoday.ir/hy/news/world-i53761-Բելառուսը_կդառնա_արդյոք_Պուտինի_հաջորդ_զոհը._the_observer
Բելառուսի խարխուլ տնտեսությունն ընկղմվել է անարդյունավետ պլանային մոդելի մեջ, և միակ բանը, որ տարիներ շարունակ օգնել է Լուկաշենկոյին մնալ ջրի երեսին, Կրեմլի օգնությունն է՝ գրում է ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին վերլուծաբան Ջոն Շինդլերը The Observer պարբերականում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2017 15:55 Asia/Tehran
  • Բելառուսը կդառնա՞ արդյոք Պուտինի հաջորդ զոհը. The Observer

Բելառուսի խարխուլ տնտեսությունն ընկղմվել է անարդյունավետ պլանային մոդելի մեջ, և միակ բանը, որ տարիներ շարունակ օգնել է Լուկաշենկոյին մնալ ջրի երեսին, Կրեմլի օգնությունն է՝ գրում է ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին վերլուծաբան Ջոն Շինդլերը The Observer պարբերականում:

Վլադիմիր Պուտինը վաղուց է սիրաշահում Մինսկին վարկերի, ռուսական վառելիքի ցածր գների միջոցով՝ փոխարենը ստանալով բուֆերային պետություն, որը Ռուսաստանը պաշտպանում է ՆԱՏՕ-ից և Արևմուտքից: Իրականում Կրեմլը վաղուց Բելառուսին համարում է ոչ ավելին, քան Ռուսաստանի շարունակություն պաշտպանության առումով: Երկար տարիներ Մոսկվային և Մինսկին կապել են սերտ հարաբերությունները պաշտպանության և հետախուզության ոլորտներում, իսկ ՌԴ-ի և Բելառուսի զինված ուժերի համատեղ զորավարժանքները սովորական երևույթ են դարձել՝ գրում է փորձագետը:

Սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում Լուկաշենկոն լուռ հեռանում է իր նախկին հովանավորից՝ փորձելով զգուշորեն բարելավել հարաբերություններն Արևմուտքի հետ, ինչի համար առանցքային խթան հանդիսացավ Կրեմլի կողմից ֆինանսական օգնության նվազումը, ինչպես նաև էժան նավթի մատակարարումների կրճատումը:

Շինդլերի խոսքով՝ այժմ Մոսկվայի և Մինսկի հարաբերությունները լայնամասշտաբ ճգնաժամի սահմանին են: Անցած շաբաթ Լուկաշենկոն հայտարարեց, որ Պուտինի կողմից նախատեսված ավիաբազան Բելառուսում չի կառուցվի: Ի պատասխան՝ Ռուսաստանը սահմանային անցակետ հիմնեց Բելառուսի հետ սահմանին՝ հիշեցնում է հոդվածագիրը:

Լուկաշենկոն մտավախություն ունի, որ դժգոհ Կրեմլը կարող է փորձել տապալել իր ռեժիմը՝ այն փոխարինելով ավելի զիջող ռեժիմով: Հեղինակի կարծիքով՝ Լուկաշենկոյի մտավախությունները ամբողջությամբ հիմնովին են, և նրա վիճակն էլ ավելի է բարդացնում այն հանգամանքը, որ նա չի կարող հստակ իմանալ, թե Մինսկում ով է իր կողմից: Հեղինակը հիմնվում է Արսենի Սիվիցկիի՝ Ռազմավարական և արտաքին քաղաքական հետազոտությունների բելառուսական կենտրոնի տնօրենի հարցազրույցի վրա, որի խոսքով՝ Պուտինը կարող է օգտվել Վաշինգտոնում ստեղծված քաոսային վիճակից, որպեսզի գործողություններ ծավալի Լուկաշենկոյի դեմ՝ սկսած ռուսական հետախուզության ահաբեկող գործողություններից մինչև տոտալ ներխուժում:

Եվ այդ ժամանակ բարդ հարց է ծագում՝ ի՞նչ կանի Սպիտակ տունը: Բելառուսը ՆԱՏՕ-ի անդամ չէ և չի կարող բացահայտ օգնություն սպասել Պուտինից պաշտպանվելու համար՝ գրում է հոդվածագիրը: Associated Press գործակալության վերջին հրապարակման համաձայն՝ ազգային անվտանգության հարցերով Թրամփի օգնականները տեղեկություններ էին փնտրում Լեհաստանի կողմից Բելառուս ներխուժման վերաբերյալ: Պետք է հաշվի առնել, որ Լեհաստանը ՆԱՏՕ-ի անդամ է և չի ներխուժել Բելառուս:

Սպիտակ տունը կա՛մ առանց մտածելու կրկնում է ռուսական ֆեյք լուրերը, կա՛մ միտումնավոր Կրեմլի ապատեղեկատվությունը հասցնում է ԱՄՆ հետախուզությանը՝ ասվում է հոդվածում: Այս տարբերակներից ոչ մեկը լավ բան չի կանխորոշում Եվրոպայի անվտանգության և կայունության համար: Բելառուսը տեղակայված է ՆԱՏՕ-ի սահմանների վրա, ոչ թե Ղրիմի կամ Արևելյան Ուկրաինայի նման, և հավանականությունն առ այն, որ այդտեղ ռազմական ճգնաժամը վերահսկողությունից դուրս կգա և վտանգավոր հետևանքներ կունենա, իրատեսական է: Բոլոր կողմերի համար ավելի լավ կլինի, եթե ճգնաժամը կանխվի մինչև սկսվելը՝ գրում է Շինդլերը:

1in.am