Թիլերսոնն անցկացրել է առաջին անհարմար հանդիպումը Լավրովի հետ G20-ի շրջանակներում
https://parstoday.ir/hy/news/world-i54450-Թիլերսոնն_անցկացրել_է_առաջին_անհարմար_հանդիպումը_Լավրովի_հետ_g20_ի_շրջանակներում
«Բոննում «Մեծ քսանյակի» արտաքին գործերի նախարարների գագաթաժողովի ընթացքում բոլորի հայացքներն ուղղված էին ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպմանը ռուսաստանցի գործընկերոջ հետ, եւ ինչպես լինում է առաջին հանդիպումների ժամանակ, այն հարթ չի ընթացել»,- գրում են Bloomberg ամերիկյան լրատվական գործակալության թղթակիցներ Նիք Վեդեմսը, Պատրիկ Դոնահյուն եւ Իլյա Արխիպովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2017 13:31 Asia/Tehran
  • Թիլերսոնն անցկացրել է առաջին անհարմար հանդիպումը Լավրովի հետ G20-ի շրջանակներում

«Բոննում «Մեծ քսանյակի» արտաքին գործերի նախարարների գագաթաժողովի ընթացքում բոլորի հայացքներն ուղղված էին ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպմանը ռուսաստանցի գործընկերոջ հետ, եւ ինչպես լինում է առաջին հանդիպումների ժամանակ, այն հարթ չի ընթացել»,- գրում են Bloomberg ամերիկյան լրատվական գործակալության թղթակիցներ Նիք Վեդեմսը, Պատրիկ Դոնահյուն եւ Իլյա Արխիպովը:

«Ըստ արձանագրության՝ երկու դիվանագետները  պետք է միմյանց ձեռք սեղմեին, տեսախցիկների առջեւ գրկախառնվեին, հնարավոր է նաեւ առանձնազրույց ունենալուց առաջ պատասխանեին անսպասելի հարցերի»,- ասվում է հոդվածում:

«Սակայն Լավրովի ներածական խոսքից հետո, պատասխանելով նաեւ լրագրողների մեկ հարցին, տեղի ունեցավ «սցենարի շեղում»: «Երբ սկսեց խոսել Թիլերսոնը, լրագրողներին նշան արեցին, որ արագ լքեն սենյակը,- հայտնում են հեղինակները: -Դա Լավրովի մոտ լարվածություն առաջացրեց, ով բացահայտորեն հետաքրքրվեց, թե ինչու ամերիկյան պատվիրակության անդամները դուրս հրավիրեցին ռուսաստանցի եւ ամերիկացի լրագրողներին: Ինչպես ասվում է հոդվածում, Ռուսաստանի ԱԳ նախարարը հարցրել է. «ինչո՞ւ նրանց լռեցրիք»»:

«Այդ անհարմար պահը ցույց տվեց, որ Թիլերսոնը դեռեւս հարմարվում է ԱՄՆ-ի ԱԳ նախարարության բարձր մակարդակով հանրային կյանքին, այն բանից հետո, երբ երկար տարիներ, լինելով Exxon Mobil Corp  նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ,  պետք է պատասխաններ տար միայն իր բաժնետերերին»:

«Այնուհետ Թիլերսոնը խոստացել է շարունակել աշխատել Ռուսաստանի հետ այն ոլորտներում, որտեղ երկու կողմերը կկարողանան գտնել ընդհանուր շահեր, ինչպես նաեւ պաշտպանել ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների արժեքները: ԱՄՆ-ի պետքարտուղարը կոչ է արել Ռուսաստանին կատարել Մինսկյան համաձայնագրի իր պարտականությունները Դոնբասի մարտերին վերջ դնելու նպատակով»:

«Թիլերսոնի ելույթը տեւել է մեկ րոպեից քիչ,- նշում են թղթակիցները: -Այնուհետ նա դուրս է եկել սրահից՝ արհամարհելով լրագրողներին, ովքեր հարց են ուղղել պետքարտուղարին, թե հանդիպե՞լ է արդյոք նախկինում Լավրովի հետ»:

galatv.am/