ԱՄՆ-ի մտավախությունները Ռուսաստաննի թեւավոր հրթիռներից
«Ռուսաստանը գաղտնի կերպով նոր թեւավոր հրթիռներ է տեղակայում, որը, ըստ ամերիկացի պաշտոնյաների, խախտում է սպառազինության մրցավազքի զսպման առանցքային պայմանագիրը. դա կարեւոր փորձություն է համարվում նախագահ Թրամփի համար այն ժամանակ, երբ նրա աշխատակազմը ճգնաժամի մեջ է գտնվում Մոսկվայի հետ ունեցած կապերի պատճառով»,- The New York Times թերթում գրում է Մայքլ Գորդոնը:
«Այժմ Ռուսաստանն ունի երկու գումարտակ թեւավոր հրթիռներ: Դրանցից մեկը դեռեւս գտնվում է հրթիռային պոլիգոնում՝ Ռուսաստանի հարավում՝ Վոլգոգրադից ոչ հեռու: Մյուսը դեկտեմբերին տեղափոխվել է անհայտ բազա: Համակարգերի տեղակայումը կարող է էապես բարձրացնել ՆԱՏՕ-ի երկրների ռազմական սպառնալիքի մակարդակը. դա կախված է նրանից, թե որտեղ կտեղակայվի շարժական համակարգը եւ դեռ որքան մարտկոցներ ապագայում անհրաժեշտ կլինեն»:
«Ռուս-ամերիկյան հարաբերություններն ավելի լավ ժամանակներ են ունեցել. 1987թ.-ի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը եւ Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովը ստորագրել են միջին եւ փոքր հեռահարության հրթիռները ոչնչացնելու պայմանագիր: Համաձայնագրի արդյունքում Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն ոչնչացրել են 2692 հրթիռ: 2013թ.-ի հունիսին Պուտինը հայտնեց, որ գրեթե բոլոր հարեւանները մշակում են նման զինտեխնիկա, իսկ միջին եւ փոքր հեռահարության հրթիռները ոչնչացնելու այդ պայմանագիրը որակեց որպես «կասկածելի»:
Օբամայի աշխատակազմը պնդում է, որ պայմանագրի պահպանումը բխում է ԱՄՆ-ի շահերից, գրում է հեղինակը: «Ըստ որոշ ռազմական փորձագետների՝ քանի որ ԱՄՆ-ին չի հաջողվել դադարեցնել ենթադրյալ խախտումները, նրանք պետք է համակարգված ճնշումն ուժեղացնեն՝ հայտարարելով Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերն ընդլայնելու մտադրությունների եւ ցամաքային կամ օդային միջուկային զենքեր տեղակայելու մասին»,- ասվում է հոդվածում:
«Մենք ունենք այնպիսի հզոր գործիքներ, ինչպիսիք են հակահրթիռային պաշտպանության եւ հակահարձակման համակարգերը, եւ մենք չպետք է հրաժարվենք դրանցից ոչ մեկից»,- հայտնել է ՆԱՏՕ-ի Զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը:
Ռազմական փորձագետ Ֆրանկլին Միլլերի խոսքերով՝ ռուսաստանցի զինվորականները կարող են իրենց մարտավարական միջուկային ուժերը կենտրոնացնել ԱՄՆ-ի օբյեկտների վրա: Միլլերը մտավախություն ունի նաեւ, որ ի պատասխան Ամերիկան Եվրոպայում կտեղակայի միջին հեռահարության միջուկային հրթիռներ:
«Թրամփի աշխատակազմը գտնվում է ատոմային քաղաքականության վերանայման առաջին փուլում եւ չի հայտնել, թե ինչպես է մտադիր պատասխանել ռուսաստանյան հրթիռների մասին տեղեկությանը»,- ասվում է հոդվածում: «Մենք չենք մեկնաբանում հետախուզության հետ կապված հարցերը: Մենք հստակ նշել ենք մեր մտավախությունները եւ առկա ռիսկերը»,- ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:
Աղբյուր՝ The New York Times