Թուրքիան հրաժարվեց Գերմանիայում քարոզչական հանրահավաքներ կազմակերպելու որոշումից
Անկարան երեքշաբթի օրը չեղարկեց ապրիլի 16-ին կայանալիք հանրաքվեին ընդառաջ Գերմանիայում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի համախոհների բոլոր հանրահավաքները:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության արտաքին համադրման կենտրոնի խոսնակը հայտարարեց. «Առաջիկայում Գերմանիայում նախատեսված բոլոր հանրահավաքները չեղյալ են հայտարարվում»:
Թուրքիայի և եվրոպական երկրների, հատկապես Գերմանիայի միջև մի քանի շաբաթ տևած լուրջ ճգնաժամից հետո Անկարայի այս քայլն իրավիճակը մեղմացնող բնույթ է կրում:
Վերջին օրերին եվրոպական տարբեր երկրներում Թուրքիայի պաշտոնատարների ելույթները դեմ առան այդ երկրների իշխանությունների բացասական հակազդեցության: