Ֆրանսիայի գաղտնի պատերազմը Լիբիայում. Le Monde
«Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է հետաքննություն սկսել Le Monde պարբերականի դեմ՝ ռազմական գաղտնիքի հրապարակման համար»,- Le Monde-ում գրում է Նատալի Գիբերը:
«Ֆրանսիան Լիբիայում հետեւում է «Իսլամական պետության» գործողություններին: Այստեղ նրա նպատակը ոչ թե հաղթանակն է պատերազմում, այլ ահաբեկչական խմբավորումներին ուղղված հարվածները, որոնց միջոցով կարող է թուլացնել ջիհադիստների դիրքերը: Փարիզն այս գործում համագործակցում է Վաշինգտոնի եւ Լոնդոնի հետ: Նախագահ Ֆրանսուա Օլանդի ուղեգիծը հիմնված է հատուկ զորքերի ուժերով ոչ պաշտոնական ռազմական գործողությունների վրա»:
«Լիբիայում է գտնվում 2 խումբ, որոնցից մեկը գործում է պաշտպանության նախարարության, մյուսը արտաքին անվտանգության գլխավոր ծառայության ենթակայության ներքո: Այդ զինվորականները Լիբիա են ժամանել գաղտնի եւ անմիջականորեն ենթարկվում են Ելիսեյան պալատին: Լիբիայի իշխանությունները համակերպվում են որոշ գործողությունների հետ, սակայն չեն ցանկանում իրեց հողի վրա տեսնել օտարերկրյա դաշինքի զորքերին: Իսկ դաշինքի հիմնական մասնակիցները՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը եւ Իտալիան այնքան էլ մեծ ցանկություն չունեն ներխուժել Լիբիա 2011թ.-ի արկածախնդրությունից հետո, երբ սպանվեց լիբիացի առաջնորդ Մուամար Քադաֆին եւ տարածաշրջանը քաոսով պատեց»,-գրում է հեղինակը:
«Ֆրանսիայի գործող նախագահի վարքագիծը տարբերվում է իր նախորդինից. Նիկոլա Սարկոզին բացահայտ գործողությունների կողմնակից էր, քանի որ վստահ էր, որ ցանկացած գաղտնի բան մի օր ակնհայտ է դառնում: Այսօր ֆրանսիական զորքերը Լիբիայում գործում են գաղտնիության պայմաններում՝ «խփիր եւ փախիր» սկզբունքով»:
«Պաշտպանության նախարար Ժան-Իվ Լը Դրիանը նախաձեռնել է հետաքննություն Le Monde-ի դեմ՝ Լիբիայում հատուկ ստորաբաժանումների եւ գաղտնի գործակալների ներկայության մասին նյութեր հրապարակելու համար: Պաշտպանության նախարարի շրջապատում նշում են՝ երբ անցկացվում են գաղտնի գործողություններ, նպատակն այն չէ, որ դրանք բացահայտվեն ի վնաս մարդկանց անվտանգության»,-գրում է Le Monde-ի հոդվածագիրը:
galatv.am
26/2/2016