Թուրքիան պետք է հարգանք դրսևորի օրենքի նկատմամբ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Եվրամիության անդամ երկրների պաշտպանության նախարարների ժողովին մասնակցելու համար Մալթա ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը քննադատել է Թուրքիայի իշխանություններին երկրում հեղաշրջման փորձից հետո ավելացած բռնության դեպքերի առնչությամբ, գրում է թուրքական haber7.com-ը։
«Թուրքիան իրավունք ունի իրեն պաշտպանելու: Սակայն այդ ամենը պետք է արվի օրենքի շրջանակում: Թուրքիան պետք է հարգանք ցուցաբերի օրենքի նկատմամբ», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
Tert.am