«Գարնանային փոթորիկ». Էստոնիայում սկսվել են ՆԱՏՕ-ի մասշտաբային զորավարժությունները
Էստոնիայում երկուշաբթի սկսվել են ՆԱՏՕ-ի «Գարնանային փոթորիկ- 2017» միջազգային զորավարժությունները, որոնց մասնակցում է մոտ 9 հազար զինծառայող:
Այդ մասին հայտնել է երկրի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«13 երկրներից մոտ 2,3 հազար օտարերկրացի զինծառայող մասնակցելու է ՆԱՏՕ-ի Kevadtorm-2017 («Գարնանային փոթորիկ-2017») մասշտաբային զորավարժություններին՝ էստոնացի զինվորականների հետ միասին: Ընդհանուր առմամբ, զորավարժություններին, որոնք անց են կացվելու մայիսի 8-26-ը, ներգրավված է լինելու մոտ 9 հազար զինվորական»,- ասված է հաղորդագրությունում:
Զորավարժությունները տեղի են ունենալու Էստոնիայի հյուսիս-արևելքում՝ Ռուսաստանի սահմանի մոտակայքում:
Դրանց մասնակցելու է Մեծ Բրիտանիայի ավելի քան 800 զինծառայող, որոնք մտնում են Էստոնիայում տեղակայված ՆԱՏՕ-ի միջազգային գումարտակի կազմի մեջ, ինչպես նաև այդ գումարտակի կազմից 300 ֆրանսիացի զինվորական: Գերմանիան զորավարժություններին ուղարկելու է մոտ 400 զինծառայող: Վաշտի չափով ստորաբաժանումներ կներկայացնեն ԱՄՆ-ն, Լատվիան և Լիտվան: Զորավարժություններին նաև կմասնակցեն զինծառայողներ Նիդեռլանդներից, Լեհաստանից, Կանադայից, Ֆինլանդիայից, Ուկրաինայից, Իսպանիայից և Վրաստանից:
Զորավարժություններին մասնակցելու են ամերիկյան M1A2 Abrams, բրիտանական Challenger 2 և ֆրանսիական Leclerc տանկերը, ինչպես նաև դաշնակիցների հետևակի և պաշտպանության էստոնական ուժերի մարտական մեքենաները՝ CV9035, Warrior, Bradley, VBCI, Marder:
Tert.am