ԵՀ ղեկավարը անհրաժեշտ է համարում Ռուսաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների վերականգնումը
Եվրահանձնաժողովի )ԵՀ( ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը անհրաժեշտ է համարում Ռուսաստանի ու Եվրամիության միջեւ հարաբերությունների վերականգնումը։
Այս մասին նա հայտնել է Adevarul ռումինական թերթին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները արդեն այն չեն, ինչպիսին եղել են, ու ոչ էլ այն, ինչպիսին մենք կցանկանայինք, որ լինեին։ Բայց նույնիսկ եթե հիմա մեր հարաբերությունները խնդրահարույց են ու լի անվստահությամբ, դա չի նշանակում, որ դրանք քայքայված են։ Մենք պետք է վերականգնենք դրանք ու կարծում եմ, կկարողանանք անել դա»,- ասել է Յունկերը։
ԵՀ ղեկավարի խոսքով, այն ասպեկտները, որոնք հանգեցրել են ԵՄ-ի ու Ռուսաստանի տարաձայնություններին «լավ հայտնի են»։ Նա նշել է, որ չնայած դրան՝ ԵՄ-ի ու Ռուսաստանի հաղորդակցության ուղիները պետք է բաց մնան։
«Ես վստահ եմ, որ կա ընդհանուր շահագրգռվածություն ՝բարելավել մեր հարաբերությունները։ Այսօրվա աշխարհը, անկասկած, համագործակցության կարիք ունի, այլ ոչ թե առճակատման, թե տնտեսական, թե անվտանգության, թե աշխարհքաղաքական հեռանկարներում»,- հայտնել է նա։
News.am