Մերկել-Թրամփ հակասությունները եւ Արեւմուտքի վերջը
«Դոնալդ Թրամփի առաջին այցը Եվրոպա անպատշաճ ստացվեց, իսկ հետեւանքները՝ պայթյունավտանգ: Մյունխենում նախընտրական հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս, ԱՄՆ նախագահի՝ Վաշինգտոն վերադառնալուց անմիջապես հետո, Անգելա Մերկելը մոտ էր հայտարարելուն արեւմտյան դաշինքի ավարտի մասին»,- գրում է Գիդեոն Ռահմանը Financial Times-ում:
Լրագրողը մեջբերում է Մերկելի հայտարարությունը. «Այն ժամանակները, երբ մենք կարող էինք ամբողջովին հույս դնել ուրիշների վրա, անցյալում են՝ դատելով այն ամենից, ինչ ես զգացել եմ այս մի քանի օրերին: Մենք՝ եվրոպացիներս, սեփական ճակատագիրը պետք է մեր ձեռքը վերցնենք: Իհարկե, մեզ պետք են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ այլ հարեւանների, ներառյալ Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները: Սակայն մենք պարտավոր ենք ինքներս պայքարել մեր ապագայի համար»:
«Մերկելի արտահայտություններն արագ վերնագրեր դարձան: Ռիչարդ Հասը, ով Միջազգային հարաբերությունների խորհրդի նախագահն է եւ ամերիկյան արտաքին քաղաքականության իսթեբլիշմենթի առաջնորդներից, թվիթթերյան իր էջում գրել է. «Մերկելի խոսքը, ով ասում է, որ Եվրոպան չի կարող հույս դնել ուրիշների վրա եւ պետք է գործերը վերցնի իր ձեռքը, շրջադարձային պահ է եւ այն, ինչից Ամերիկան ձգտել է խուսափել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր»:
«Հեշտ է մեղադրել նախագահ Թրամփին այսպիսի իրավիճակում, եւ դա արդարացված է,- կարծում է Ռահմանը: -Սակայն Մերկելը նույնպես իրեն անպատասխանատու պահեց՝ անելով այնպիսի հայտարարություն, որը սպառնում է ընդլայնել ատլանտյան դաշինքի վտանգավոր ճեղքվածքը եւ հանգեցնել հարաբերությունների վերջնական խզման: ՌԴ կառավարությունը կարող է հուսալ, որ արեւմտյան դաշինքը կփլուզվի, եւ դա Եվրոպայի անվտանգությունն ավելի խոցելի է դարձնում»:
Ռահմանը համաձայն չէ նաեւ այն մտքի հետ, որ նույն հարթության վրա են դիտարկվում Թրամփի Ամերիկան եւ Մեծ Բրիտանիան. կլիմայական փոփոխությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ Անգլիան կանգնեց ԵՄ-ի կողքին, այլ ոչ թե ԱՄՆ-ի: Իսկ Թերեզա Մեյի կառավարությունն ընդգծում է Մեծ Բրիտանիայի նվիրվածությունը ՆԱՏՕ-ին:
Հոդվածի հեղինակը նշում է. «Թրամփը բազմիցս է արհամարհանք արտահայտել արեւմտյան հիմնարար արժեքների նկատմամբ՝ սկսած մամուլի ազատությունից, մինչեւ խոշտանգումների արգելքը եւ ամբողջ աշխարհում ժողովրդավարության աջակցումը: Սակայն հայտարարել, որ Գերմանիայի կանցլերն Արեւմուտքի իսկական առաջնորդ է, դեռ վաղաժամ է: Տխուր իրականությունն այն է, որ Մերկելը քիչ է հետաքրքրված արեւմտյան դաշինքի փրկության համար պայքարելու հեռանկարով»:
Աղբյուր՝ Financial Times