ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստում. Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Թինի Կոքսին իր նվիրվածության եւ իրապես այս բարդ զեկույցը ներկայացնելու համար:
Ինձ համար այս պահը խորհրդանշական է: Սա իմ առաջին ելույթն է որպես հայկական պատվիրակության ղեկավար, եւ ես ուրախ եմ վերադառնալ Վեհաժողով: Ես աշխատել եմ այստեղ 3.5 տարի, այսինքն՝ ես նոր անդամ չեմ Վեհաժողովում: Սակայն, ցավում եմ, որ վերադառնում եմ այն պահին, երբ առաջին հարցը, որ քննարկվում է ընթացիկ զեկույցում, Վեհաժողովի նախագահի անվստահության, կոռուպցիոն սկանդալների եւ հետաքննության մարմնի ստեղծման հարցերն են:
Հարգելի գործընկերներ,
մենք Վեհաժողովը՝ որպես ժողովրդավարության օրրան, ժառանգել ենք այն քաղաքական գործիչներից, ովքեր ամենայն հոգածությամբ պահպանել են այս արժեքները, եւ այժմ մենք պարտավոր ենք պատասխանատվություն ստանձնել այդ արժեքների համար:
Մենք ենք կերտում այս Վեհաժողովի դեմքը եւ որպես Վեհաժողովի դեմք՝ մենք պետք է որոշենք, թե ով է ներկայացնելու Վեհաժողովը, ով կարող է գործել այս Վեհաժողովի անունից եւ դա նշանակում է, որ մենք պետք է համապատասխան վերաբերմունք դրսեւորենք այդ մարդկանց նկատմամբ:
Ամփոփելով ելույթս՝ կոչ եմ անում գործողության. կամ մենք բոլորս կոլեկտիվ պատասխանատվություն ենք կրում այս Վեհաժողովի համար կամ փոխվում է Վեհաժողովի նկատմամբ մեր մոտեցումն այն իմաստով, որ մենք այլեւս չենք դիտարկում այն որպես ժողովրդավարության օրրան, այլ՝ ընդամենը որոշ զեկուցողների կարծիք: Եւ ես կցանկանայի հիշեցնել ադրբեջանցի մեր գործընկերներին, այսպես կոչված, Սարսանգի շատ խորհրդանշական զեկույցի մասին: Զեկույցում բարձրացված հարցը կարեւոր հարց է, սակայն զեկուցողի պատճառով կամ այսպես կոչված կոռումպացված անձի պատճառով այն մարդասիրական հարցից վերածվեց միայն քաղաքական հարցի եւ ուրիշ ոչնչի: Իրականում մենք պետք է ընկալենք դրա կարեւորությունը մեզ համար, այն արժեքների համար, որոնք մենք կրում եւ փայփայում ենք:
lragir.am/