Գերմանիայի կառավարությունն արգելել է Էրդողանին ելույթ ունենալ նաև հյուպատոսարանում
https://parstoday.ir/hy/news/world-i66388-Գերմանիայի_կառավարությունն_արգելել_է_Էրդողանին_ելույթ_ունենալ_նաև_հյուպատոսարանում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով G-20 գագաթնաժողովին մասնակցելու նպատակով պատրաստվում է մեկնել Գերմանիա, չի կարողանալու ելույթ ունենալ անգամ այդ երկրում թուրքական հյուպատոսարանում: Այս մասին թուրքական կողմին նախազգուշացրել են Գերմանիայի կառավարությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2017 15:51 Asia/Tehran
  • Գերմանիայի կառավարությունն արգելել է Էրդողանին ելույթ ունենալ նաև հյուպատոսարանում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով G-20 գագաթնաժողովին մասնակցելու նպատակով պատրաստվում է մեկնել Գերմանիա, չի կարողանալու ելույթ ունենալ անգամ այդ երկրում թուրքական հյուպատոսարանում: Այս մասին թուրքական կողմին նախազգուշացրել են Գերմանիայի կառավարությունից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գերմանական Deutsche Welle-ն հայտնում է, որ Գերմանիայում կայանալիք  ընտրություններից երեք ամիս առաջ ԵՄ անդամ երկրներից բացի այլ երկրների առաջնորդների համար նախատեսված ելույթ ունենալու արգելքը գործում է նաև Էրդողանի դեպքում:  Խնդրի մասին խոսել է Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Մարտին Շեֆերը. «Գերմանիայի կառավարության անունից ևս մեկ անգամ ցանկանում եմ շեշտել, որ նմանօրինակ միջոցառումների համար շատ վաղուց պետք է դիմում ներկայացվեր արտգործնախարարությանը»: Նա ընդգծել է, որ  իրենց նախազգուշացումից դուրս ցանկացած նախաձեռնություն դիտարկվելու է որպես Գերմանիայի կառավարության  կողմից ընդունված որոշման խախտում:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե Էրդողանը ցանկանում է գլխավոր հյուպատոսարանում ելույթ ունենալ,  այնուհետև այն տարածել իբրև տեսաուղերձ, Շեֆերը հայտնել է, որ իրենց նախազգուշացումը գործում է նաև այդ  պարագայում: «Չեմ կարծում, որ դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսարանների նման  ինքնիշխան տարածքներում թուրքերի հետ տեսակետների շուրջ լուրջ տարաձայնություն ունենանք»,- նշել է նա:

Ավելի վաղ, սակայն, Թուրքիայի դեսպանության մամուլի հարցերով պատասխանատու Ռեֆիկ Դողուկօղլուն ասել էր, որ  գլխավոր հյուպատոսարանում Թուրքիայի նախագահի կողմից միջոցառում կազմակերպելու համար իրենք Գերմանիայի  կառավարության թույլտվության կարիքը չունեն:

Էրդողանը նախատեսում է հուլիսի 7-8-ը մասնակցել գերմանական Համբուրգ քաղաքում կազմակերպվելիք G-20  երկրների գագաթնաժողովին: Դրանից հետո նա ծրագրել էր հանդիպել իր կողմնակիցների հետ,սակայն տարբեր  սրահներ, որտեղ հանդիպում կազմակերպելու համար դիմում է ներկայացվել,մերժել են նրան:

Դորտմունդ քաղաքում գտնվող Westfalenhallen համալիրի կազմակերպիչները հայտնել են,որ սրահը չեն կարող  տրամադրել, քանի որ այն արդեն ամրագրված է մեկ այլ միջոցառման համար:

Գերմանիայի մեկ այլ՝ Օբերհաուզեն քաղաքում գտնվող König-Pilsner-Arena համալիրը ևս մերժել է Էրդողանի  միջոցառումն անցկացնելու դիմումը: Սրահի ղեկավարությունի հայտնել են,որ ամռանը König-Pilsner-Arena ում  իրականացվող վերանորոգման աշխատանքների հետևանքով իրենք չեն կարող սրահը տրամադրել միջոցառման անցկացման համար:

Քյոլնի Lanxess Arena-ն հրաժարվել է իր մեծ սրահը տրամադրել Էրդողանին:Սրահի տնօրեն Շթեֆան Լյոհերը  պարբերականի հետ զրույցում հաստատել է,որ թուրքական կողմը նման ցանկությամբ դիմել է իրենց: «Այս պահին  Էրդողանի համար առանձնացնելիք տեղ չունենք»,- ասել է նա:

Իսկ Դյուսելդորֆի  ISS-Dome   արենայի    խոսնակ    Յուլիա   Կաբալոն   տեղեկացրել   է,   որ   Թուրքիայից  հուլիսի 9-ի  համար ամրագրման դիմում են ստացել, սակայն չեն հաստատել՝

արենայում   իրականացվող  աշխատանքների  պատճառով:

Armenpress.am