«Մալոռոսիան» եւ մեծ հավակնությունները
https://parstoday.ir/hy/news/world-i67748-Մալոռոսիան_եւ_մեծ_հավակնությունները
«Ռուսամետ անջատողականները, հռչակելով «Մալոռոսիան», շատ են զարմացրել անգամ իրենց դաշնակիցներին, գերմանական Handelsblatt թերթում գրում է քաղաքական մեկնաբան Անդրե Բալենը՝ նկատի ունենալով «Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության» առաջնորդ Ալեքսանդր Զախարչենկոյի հայտարարությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2017 08:42 Asia/Tehran
  • «Մալոռոսիան» եւ մեծ հավակնությունները

«Ռուսամետ անջատողականները, հռչակելով «Մալոռոսիան», շատ են զարմացրել անգամ իրենց դաշնակիցներին, գերմանական Handelsblatt թերթում գրում է քաղաքական մեկնաբան Անդրե Բալենը՝ նկատի ունենալով «Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության» առաջնորդ Ալեքսանդր Զախարչենկոյի հայտարարությունը»:

«Ռուսաստանը եւ Գերմանիայի կառավարությունը քննադատել են այդ քայլը որպես Մինսկյան պայմանավորվածությունների խախտում, եւ անգամ Լուգանսկի անջատողական դաշնակիցներն են հետաձգել այդ ծրագիրը: Ուկրաինայի արեւելքում սեփական պետություն ստեղծելու գաղափարը նորություն չէր, Դոնբասի մի մասը գտնվում է ռուսամետ ապստամբների վերահսկողության տակ 2014թ.-ից, եւ սկզբում նրանք ցանկանում էին հռչակել «Նովոռոսիա» պետությունը, որը բաղկացած էր լինելու Ուկրաինայի արեւելյան եւ հարավային ընդարձակ տարածքներից: Ապստամբները մի քանի անգամ ասել են, որ իրենց գլխավոր նպատակը Ռուսաստանին միանալն է 2014թ.-ին անեքսիայի ենթարկված Ղրիմի նման: Սակայն ամեն անգամ Կրեմլը մերժել է նրանց»:

«Երկրորդ փորձի ընթացքում Զախարչենկոն նոր երկրի մայրաքաղաքն անվանեց Դոնեցկ, իսկ Կիեւին վերագրեց պատմական եւ մշակութային կենտրոնի կարգավիճակ: Զախարչենկոն ասել է, որ «Մալոռոսիան» բազմազգ պետություն է, կամուրջ է Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Զախարչենկոյի կարծիքով Արեւելքի հետ մերձեցումը պետք է տեղի ունենա ԱՊՀ-ին վերաինտեգրման եւ Մոսկվայի կողմից ղեկավարվող Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելու միջոցով: Արեւմուտքի առումով Զախարչենկոյին հետաքրքրում է ԵՄ-ի հետ Կիեւի ունեցած առանց մուտքի արտոնագրի ռեժիմը»,- փոխանցում է հոդվածագիրը:

«Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում» զարմանքով արձագանքեցին: «Այդ ծրագիրը չի քննարկվել ԼԺՀ-ում»,- ասել է ինքնահռչակ հանրապետության առաջնորդ Իգոր Պլոտնիցկին:

«Ռազմական տեսանկյունից Զախարչենկոյի հայտարարությունը չի հանգեցնի որեւէ հետեւանքի. ճակատային գիծը փոխելու նպատակով ապստամբների խոշոր հարձակում չի լինի: Այնուամենայնիվ, Դոնբասի մարտերը շարունակվում են: Հիմնական ռազմական գործողություններն ընթանում են Ավդեեւկա բնակավայրի մոտ, Դոնեցկի հյուսիսային շրջանում»:

«Զախարչենկոյի խոսքերից հետո տարածաշրջանում լարվածությունն ամեն դեպքում կավելանա»,- կանխատեսում է լրագրողը: Հիմա Կիեւում շրջափակման չեղարկման եւ հակաահաբեկչական գործողություններն ավարտելու վերաբերյալ նախաձեռնությունները հաստատ կձախողվեն: Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը Մոսկվային մեղադրել է «աբխազական սցենարը» հրահրելու փորձի մեջ»:

«Մոսկվայից նույնպես քննադատություններ են հնչել. Պետդումայի՝ ԱՊՀ-ի գործերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն ասել է, որ մարդկայնորեն ինքը հասկանում է Զախարչենկոյին, սակայն քաղաքական առումով չի կարող աջակցել «Մալոռոսիայի» ծրագրերին, քանի որ դրանք հակասում են Մինսկյան համաձայնագրին»,- փոխանցում է հոդվածի հեղինակը:

galatv.am/