ԵՄ-ն չի հանդուրժի միգրացիոն ճգնաժամի շուրջ Թուրքիայի շանտաժը. Յոհաննես Հան
https://parstoday.ir/hy/news/world-i67964-ԵՄ_ն_չի_հանդուրժի_միգրացիոն_ճգնաժամի_շուրջ_Թուրքիայի_շանտաժը._Յոհաննես_Հան
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը զգուշացրել է Թուրքիայի իշխանություններին, որ ԵՄ-ն չի հանդուրժի, որ իրենց դեմ շանտաժ կիրառեն՝ օգտագործելով միգրացիոն ճգնաժամը: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 23, 2017 07:50 Asia/Tehran
  • ԵՄ-ն չի հանդուրժի միգրացիոն ճգնաժամի շուրջ Թուրքիայի շանտաժը. Յոհաննես Հան

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը զգուշացրել է Թուրքիայի իշխանություններին, որ ԵՄ-ն չի հանդուրժի, որ իրենց դեմ շանտաժ կիրառեն՝ օգտագործելով միգրացիոն ճգնաժամը: 

Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, եվրոպացի պաշտոնյան ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Թուրքիան դեռևս խուսափում է ԵՄ-ի հետ կնքված միգրացիոն համաձայնագրի բոլոր կետերը կատարելուց, ավելին՝ փոխարենը հաճախ է մեղադրում հենց ԵՄ-ին պայմանների խախտման մեջ: 

Հանը նաև նշել է, որ 2015թ.-ին Եվրոպա հասած ներգաղթյալների մուտքի հետ կապված իրավիճակը կարծես թե անվերահսկելի էր դարձել, սակայն այժմ իրադրությունը փոխվել է: 

Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալների Թուրքիայի տարածքում են գտնվում 3.5 մլն ներգաղթյալներ: 

Հիշեցնենք, որ մարտին ԵՄ-ի և Թուրքիայի ղեկավարությունները համաձայնեցրել էին միգրացիոն ճգնաժամի կարգավորման սկզբունքները: Գործարքի շրջանակում 2016թ.-ի մարտի 20-ից անօրինական ներգաղթյալները, որոնք Հունաստան էին ժամանում, պետք է հետ վերադառնային Թուրքիա: 

Անկարան համաձայնել էր ընդունել փախստականներին`ֆինանսական օգնություն ստանալու և ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման դիմաց:

tert.am/