Մամուլի տեսություն 29-07-2017
https://parstoday.ir/hy/news/world-i68462-Մամուլի_տեսություն_29_07_2017
Իսլամական խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավորը հանդիպեց ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2017 11:59 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  29-07-2017

Իսլամական խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավորը հանդիպեց ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին

ԻՍՆԱ

Իսլամական խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավորը հանդիպեց ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին

 

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանի հետ Իսլամական խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավորի հանդիպման ժամանակ քննարկվեցին երկու երկրի միջև խորհրդարանական համագործակցությունների ընդլայնման ենթահողերը:

Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր դոկտ. Կարեն Խանլարյանը երկու երկրի միջև հատկապես խորհրդարանական բնագավառում համագործակցության ընդլայնման ենթահողերի քննարկման նպատակով հանդիպում ու զրույց ունեցավ ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ:

Հանդիպման ժամանակ Իրանի դեսպանը դոկտ. Խանլարյանի հետ քննարկեց քաղաքական, տնտեսական ու մշակութային բնագավառներում երկու երկրի միջև համագործակցության առավել ընդլայնման հնարավորությունը, ինչն ընդգծվել է նաև Իրանի և Հայաստանի նախագահների կողմից:

 

«Ալիք»

Արտաշես Թումանյան.«Ցանկություն կա Հայաստանում կազմակերպել իրանական ֆիլմերի շաբաթ»

 

Ցանկություն կա «Art and experience» մշակութային կազմակերպության համագործակցությամբ հայաստանում ևս կազմակերպել իրանական ֆիլմերի շաբաթ: Ինչպես տեղեկացնում է ԻՍՆԱ-ն, այդ մասին հայկական ֆիլմերի ցուցադրության 6-րդ օրում հայտարարել է ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ՝ Արտաշես Թումանյանը:

Ելույթ ունենալով ռեժիսոր Նատալիա Բելեաուսկենեի «Եթէ բոլորը…» ֆիլմի ցուցադրությունից առաջ, դեսպան Թումանյանը հույս է հայտնել, որ Իրանում հայկական ֆիլմերի շաբաթը կվերածվի մնայուն մի գործընթացի, որն այսուհետ տեղի կունենա ամեն տարի:

 

lragir.am

Թրամփը փոխել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության նախարար Ջոն Քելիին նշանակել է Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար:

Քելին կփոխարինի Ռայնս Փրիբուսին, որն ավելի վաղ հարձակումների է ենթարկվել Սպիտակ տան հաղորդակցության հարցերով նոր տնօրեն Էնթոնի Սքարամուչիի կողմից:

Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ Փրիբուսը հրաժարական է ներկայացրել հինգշաբթի: Նա հայտարարել է, որ շարունակում է մնալ Թրամփի քաղաքականության ակտիվ կողմնակից:

«Ռեյթերի» փոխանցմամբ՝ 67-ամյա գեներալ Քելին աշխատակազմի ղեկավար էր ընտրվել՝ Սպիտակ տանը կարգապահություն ապահովելու համար:

Սքարամուչին, որը հաղորդակցությունների հարցով տնօրեն է նշանակվել մեկ շաբաթ առաջ, վերջերս տված հարցազրույցում Փրիբուսին «խելացնոր շիզոֆրենիկ» է անվանել: Ավելի ուշ նա իր «Թվիթերում» գրել է, որ ափսոսում է «վառ արտահայտություններ» օգտագործելու համար:

 

1in.am

Ֆրանսիան կոչ է արել ՄԱԿ-ին հրատապ պատժամիջոցներ ընդունել Հյուսիսային Կորեայի դեմ

 

Ֆրանսիան Հյուսիսային Կորեայի հանդեպ ՄԱԿ-ի պատժամիջոցների շուտափույթ ընդունման կոչ է արել՝ կապված վերջին հրթիռային արձակման հետ։ Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը։

«Միայն առավելագույն դիվանագիտական ճնշումը, հավանաբար, կստիպի Հյուսիսային Կորեային վերադառնալ բանակցային սեղանի շուրջ»,-մեջբերում է գործակալությունը Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունը։

Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ հյուսիսկորեական նոր հրթիռը թռել է մոտ 1000 կմ՝ հասնելով առավելագույն՝ 3700 կմ բարձրության։

 

«Բահար»
Ավարտվել է Նավազ Շարիֆի քաղաքական գործունեությունը

 

Պակիստանի գերագույն դատարանը որոշել է պաշտոնազրկել երկրի վարչապետ Նավազ Շարիֆին՝ «Պանամական փաստաթղթերով» 2016-ին բացահայտված նրա ընտանիքի անդամների կոռուպցիոն կապերի պատճառով: Դատարանի այսօր կայացրած որոշումը անմիջապես ուժի մեջ է մտել:

Դատարանը վճիռը կայացրել է քննչական մարմնի հայտարարությունից հետո, թե վարչապետի ընտանիքը չի կարողացել պարզաբանել՝ ինչ միջոցներից մեծ հարստություն ունեն օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններում:

Դատարանի որոշումից հետո Շարիֆը հրաժարական է տվել, հայտնել է նրա մամուլի խոսնակը: Պակիստանյան մամուլը գրում է, որ Շարիֆի և նրա ընտանիքի անդամների դեմ քրեական հետաքննություն է սկսվելու: Նավազ Շարիֆը բազմիցս հերքել է կոռուպցիոն մեղադրանքները:

 

«Իրան»

Ռուսաստանը կկրճատի երկրում ԱՄՆ դիվանագետների քանակը

 

Ռուսաստանն ի պատասխան նոր հակառուսական պատժամիջոցների կրճատում է ՌԴ-ում հավատարմագրված ամերիկացի դիվանագետների քանակը՝ նվազեցնելով մինչև 455, իսկ օգոստոսի 1-ից արգելում է մուտքը դեսպանական ամառանոցներ Սերեբրյանի բոռ տարածքում: Հուլիսի 27-ին ԱՄՆ Կոնգրեսի Սենատն ընդունել է ՌԴ, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների մասին օրենքը:

«Չնայած Վաշինգտոնի մշտական հրահրումներին, Մոսկվան մինչ օրս շատ պատասխանատու և զուսպ էր իրեն պահում, չէր պատասխանում նույնիսկ ակնհայտ սադրանքների»,- այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: «Սակայն, վերջին իրադարձությունները վկայում են, որ ԱՄՆ հայտնի շրջանակներում ռուսատյացությունն ու բացահայատ առճակատումը ՌԴ հետ խորացել են»,-ասվում է հայտարարության մեջ: Ուստի Ռուսաստանն առաջարկում է մինչև սեպտեմբերի 1-ը հստակ համապատասխանեցնել ՌԴ-ում աշխատող ամերիկացի դիվանագետների քանակը ԱՄՆ-ում աշխատող ռուս դիվանագետների քանակին: Դա նշանակում է, որ ՌԴ-ում աշխատող ամերիկացի դիվանագետների ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 455-ը: