Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունն Ադրբեջանում ներկայացուցչություն է բացելու
https://parstoday.ir/hy/news/world-i68650-Թուրքիայի_իշխող_Արդարություն_և_զարգացում_կուսակցությունն_Ադրբեջանում_ներկայացուցչություն_է_բացելու
Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը (AKP), որը գլխավորում է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանում ներկայացուցչություն է բացելու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 31, 2017 14:27 Asia/Tehran
  •  Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունն Ադրբեջանում ներկայացուցչություն է բացելու

Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը (AKP), որը գլխավորում է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանում ներկայացուցչություն է բացելու:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, հայտնում է թուրքական ahaber.com.tr­-ն:

Արդարություն և զարգացում  կուսակցությունը, որն  իր առաջին օտարերկրյա   ներկայացուցչությունը հիմնել է   Բրյուսելում, պատրաստվում է օտարերկրյա ներկայացուցչություններ հիմնալ ևս 6 երկրներում:

Այս որոշումը կայացվել է AKP կենտրոնական գործադիր խորհրդի նիստում, որը կայացել է նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանի գլխավորությամբ:

Կուսակցությունն արդեն սկսել է ներկայացուցչությունների բացման ուղղությամբ աշխատանքները:

Առաջին գրասենյակները նախատեսվում է բացել Ադրբեջանում, Եվրոպայում, Բալկանյան երկրներում և ԱՄՆ -­ում:

Եվրոպայում առաջին կուսակցական ներկայացուցչությունը նախատեսվում է բացել Գերմանիայում, որտեղ  թուրքական սփյուռքը մեծ թիվ է կազմում:

Կուսակցության մեկնաբանությամբ` ներկայացուցչությունները փորձելու են այնպես անել, որ չկտրվի արտերկրում  բնակվող թուրքերի և հայրենիքի կապը, պայքարելու են գյուլենականության դեմ:

Մայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 33 ամսվա դադարից հետո կրկին վերադարձել է իշխող  «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերը:

Մայիսի 21­ին կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ Էրդողանը կրկին զբաղեցրել է կուսակցության  ղեկավարի պաշտոնը:

Էրդողանը 2014 թվականի օգոստոսի 10­ին նախագահ ընտրվելուց հետո օգոստոսի 27­-ին «Արդարություն և  զարգացում» կուսակցության կազմակերպած արտահերթ համագումարի ժամանակ կուսակցության  նախագահությունը հանձնել էր Ահմեդ Դավութօղլուին` հեռանալով կուսակցությունից:

Թուրքիայի նախկին սահմանադրությամբ երկրի նախագահի կուսակցական պատկանելիությունն արգելվում էր: Սակայն ապրիլի  16­  սահմանադրական հանրաքվեով ամրագրված փոփոխությունները թույլ են տալիս նախագահին լինել կուսակցական:

Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ են մտնելու  2019 թվականից, սակայն երեք հոդված, որոնց շարքում է նաև նախագահի կուսակցական պատկանելության թույլատրումը, ուժի մեջ կմտնի  2019 թվականը:

Armenpress.am