Բացահայտվել է Գերմանիայի արտգործնախարարի Թուրքիայի վերաբերյալ սկանդալային նամակը
Բացահայտվել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի Թուրքիայի վերաբերյալ սկանդալային նամակը, որը նախարարը հուլիսի 24-ին ուղարկել էր ԵՄ գործիչներին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը:
Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներին ուղղված նամակում Զիգմար Գաբրիելը պահանջել է խստացնել Թուրքիայի դեմ իրականացվող քայլերը:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունը բացահայտ հակադրության մեջ է եվրոպական արժեքային համակարգի հետ և անհրաժեշտ է հստակ պատասխան տալ այդ ամենին»,- նամակում նշել է Զիգմար Գաբրիելը:
«Հարաբերությունների բարելավման ուղղությամբ գործադրված ջանքերը Անկարայի ավելի ագրեսիվ և ապակառուցողական դարձած քաղաքականության հետևանքով ապարդյուն են անցել»,- հավելել է նախարարը:
lratvakan.am/