Գերմանիայի արտգործնախարարը քննադատել է Թրամփին՝ Հյուսիսային Կորեային սպառնալու համար
Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Հյուսիսային Կորեայի հասցեին սպառնալիքներ տեղալու համար ու հիշեցրել է միջուկային պատերազմի սպառնալիքի մասին, գրում է Ռոյթերզ լրատվական գործակալությունը:
Գաբրիելի խոսքով՝ Թրամփի հռետորաբանությունը խիստ անհանգստություն է առաջացնում, քանի որ ժողովրդավարական ձևով ընտրված նախագահը նույնքան ագրեսիվ է իրեն պահում, որքան Հյուսիսային Կորեայի իշխանությունները։
Գերմանիայի արտգործնախարարի կարծիքով՝ չի կարելի Հյս. Կորեային պատասխանել նույնպիսի արտահայտություններով, և ինքը հույս ունի, որ «ԱՄՆ-ում կգերիշխի նրանց տեսակետը, ովքեր նման դժվար խնդիրների լուծմանը մոտենում են ավելի խելամիտ կերպով, այլ ոչ թե զգացմունքներին են տրվում և տաք գլխով դատողություններ անում»:
Tert.am