ՆԱՏՕ-ում խոստովանել են, որ պատրաստ չեն դիմակայել ՌԴ զինուժին
Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) պատրաստ չէ պատասխան հարված հասցնել Ռուսաստանին այն դեպքում, եթե հարձակում լինի դաշինքի արեւելյան սահմանների ուղղությամբ: Այդ մասին նշված է ՆԱՏՕ-ի գաղտնի զեկույցում, հաղորդում է Der Spiegel հանդեսը:
«Պատճառներից մեկը ՆԱՏՕ-ի սահմանափակ լոգիստիկ հնարավորություններն են: Դաշինքի ուժերն ի վիճակի չեն արագ արձագանքել պոտենցիալ սպառնալիքին եւ իրականացնել զորքերի օպերատիվ տեղաշարժ: Լոգիստիկ համակարգը քայքայված է սառը պատերազմի ավարտից ի վեր»,-ասվում է զեկույցում:
«Օրինակ, ՆԱՏՕ-ի ուժերն ունեն զրահատեխնիկա տեղափոխող երկաթուղային կազմերի եւ կցորդների պակաս: Չկան բավարար քանակությամբ կամուրջներ, որոնք անհրաժեշտ են ծանր զինտեխնիկա տեղափոխելու համար»:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Օհանա Լունգեսկուն հրաժարվել է մեկնաբանել տեղեկատվությունը, սակայն ընդգծել է, որ դաշինքի ենթակառուցվածքների կատարելագործման ուղղությամբ աշխատանք է տարվում:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքն ի պատասխան Ռուսաստանի գործողությունների, ամրապնդում է իր պաշտպանական դիրքերը, միեւնույն ժամանակ փորձում այդ երկրի հետ կառուցողական բանակցություններ վարել:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերություններն ավելի վատթարացան 2014թ.-ին՝ Ղրիմի անեքսիայից հետո:
Galatv.am