ԱՄՆ կոնգրեսը կուսումնասիրի Ռուսաստանի հետ ուրանի գործարքը
ԱՄՆ կոնգրեսի՝ հանրապետականների կողմից ղեկավարվող երկու կոմիտե կուսումնասիրեն Ռուսաստանի հետ ուրանի գործարքը, որը կնքվել էր նախագահ Բարաք Օբամայի օրոք, հայտնել է կոնգրեսական Դեվին Նունյեսը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախագահ հանրապետական Նունյեսը հայտարարել է, որ կհամատեղի ջանքերն իր կուսակցի՝ պալատի վերահսկողության կոմիտեի նախագահ Թրեյ Հաուդիի հետ:
Երկու կոմիտեները համատեղ կհետաքննեն Օբամայի վարչակարգի որոշումը՝ ԱՄՆ-ում ուրանի որոնմամբ զբաղվող կանադական ընկերությունը ռուսական էներգետիկական ընկերությանը վաճառելուն հավանութուն տալու մասին:
Նախագահ Դոնալդ Թրամփը այդպիսի հետաքննություն անցկացնելու կոչ էր արել դեռեւս մարտին:
Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան 2009 – 2013թթ. ձեռք է բերել կանադական Uranium One ընկերության վերահսկիչ փաթեթը:
Գործարքը հավանության էր արժանացել Հիլարի Քլինթոնի՝ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ, նշում է New York Times-ը:
News.am