Ուկրաինան սպասում է, որ Թրամփը կհաստատի զենքի մատակարարումը
«Զենքի մատակարարման վերջնական որոշումը գտնվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սեղանին, եւ որոշ ուկրաինացի քաղաքական գործիչներ ձեռքերը շփելով սպասում են»,- գրում են ամերիկյան Foreign Policy թերթի թղթակիցներ Էմիլի Թեմկինը, Դեն Դը Լյուսը եւ Ռոբի Գրեյմերը:
«Մենք շատ գոհ ենք ամերիկա-ուկրաինական հարաբերությունների կարգավորման ընթացքից»,- ասել է Գերագույն Ռադայի պատգամավոր եւ ռազմական ենթահանձնաժողովի նախագահ Արթուր Գերասիմովը: «Մենք իրականում ճիշտ ճանապարհին ենք, եւ ես մտածում եմ, որ մեր ռազմավարական գործընկերը՝ ԱՄՆ-ն, կօգնի մեզ այդ հարցում»,- նշել է Գերասիմովը:
«Բազմաթիվ գործող եւ նախկին պաշտոնյաներ եւ կոնգրեսականների օգնականներ թերթի հետ զրույցում ասել են, որ նախագահը գտնվում է որոշում կայացնելու գործընթացի մեջ՝ կապված Ուկրաինա մահաբեր զենք ուղարկելու հետ, որն արդեն երեք տարի շարունակ հակամարտության մեջ է Ռուսաստանի եւ անջատողականների հետ: Աղբյուրները նաեւ հայտնել են, որ պաշտպանական զենքը կարող է ներառել նաեւ դիպուկահար հրացաններ, հակամարտկոցային ռադարներ, օդային պաշտպանության տեխնիկա եւ, հնարավոր է, նույնիսկ Javelin հակատանկային հրթիռային համալիրներ»:
«Կուրտ Վոլկերը՝ ուկրաինական բանակցությունների հարցերով Թրամփի աշխատակազմի հատուկ ներկայացուցիչը, հաստատում է մահաբեր զենքի մատակարարման փաստը: Մյուս կողմից, Եվրոպան հիացած չէ դրանից: Բազմաթիվ եվրոպացի դաշնակիցներ, հավանաբար, նույնպես բացասական կերպով են արձագանքում ԱՄՆ-ի նման քայլին, ասել է Կարնեգի հիմնադրամի աշխատակից Էրիկ Բրատբերգը: -Այդ ռազմավարությունը զուրկ չէ ռիսկերից եւ կարող է հակառակ ազդեցությունն ունենալ, եթե Ռուսաստանը որոշի որպես պատասխան շարունակել իրավիճակի լարվածությունը»:
«Ինչ էլ որ մենք անենք, ռուսաստանցիները պատրաստ են մեկ քայլ առաջ գնալու»,- նախազգուշացրել է Օբամայի աշխատակազմի օրոք Ազգային անվտանգության խորհրդում եվրոպական հարցերով նախկին տնօրեն Չարլզ Կուպչանը:
Աղբյուր՝ Foreign Policy