Ծովի ձայնը. Խորվաթիայի ծովային երգեհոնը
Երբեմն արվեստով զբաղվող մարդկանց մոտ այնպիսի գաղափարներ են ծնվում, որ դրանց իրականացումն անհավանական է թվում: Այսպես, Խորվաթիայի լողափերից մեկում երաժշտությունը յուրահատուկ կերպով համադրվել է բնության ուժի հետ:
Big Picture-ը գրում է, որ 2005 թվականին Զադար քաղաքում՝ Ադրիատիկ ծովի ափին, տեղադրվել և հանրությանը ներկայացվել է երգեհոնի հնչողությամբ երաժշտական գործիք: Օգտագործելով քամու և ալիքների էներգիան՝ գործիքը ստեղծում է պատահական, բայց գեղեցիկ և ներդաշնակ հնչյուններ:
Հայտնի է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Զադարն ամբողջությամբ ամայացվել է: Քաղաքի վերակառուցման արդյունքում այնտեղ հայտնվել են տգեղ բետոնե շինություններ ու կառույցներ. դրանց թվում ափագծի վրա տեղադրված բետոնե պատնեշն էր, որը և հետագայում վերափոխվել է ինքնատիպ երաժշտական գործիքի:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 70 մետր երկարությամբ երգեհոնի հեղինակը խորվաթ ճարտարապետ Նիկոլա Բասիչն է: Վարպետի աշխատանքը յուրահատուկ է նրանով, որ քամին և ջուրը ներթափանցում են աստիճանների ներքևում գտնվող անցքեր, այնուհետև հասնում ջրանցքներ և խորշեր: Արդյունքում հնչյունները խորշերից դուրս են գալիս ամենավերևի աստիճանի անցքերով:
Նշվում է, որ ծովային երգեհոնը զբոսաշրջիկների և տեղացիների սիրած տեսարժան վայրերից է:
Tert.am